Ռուբեն Մեհրաբյանը. Վրաստանն ու Հայաստանը մեծ անելիք ունեն հարաբերությունները որակապես ավելի բարձր՝ ռազմավարական աստիճանի հասցնելու համար

Այս նախագիծը իրականացվում է Javakhkmedia.com-ի, Akhaltskha.Net-ի եւ Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնի համատեղ ջանքերով: Նախագծի սահմաններում զրուցելու ենք տարբեր վերլուծաբանների, փորձագետների, քաղաքական ու հասարակական գործիչների հետ Ջավախքում թուրքական գործոնի ակտիվացման շուրջ:

Մեր հյուրն է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Ի՞նչ կոնկրետ փաստեր կարող եք ներկայացնել Ջավախքում, Վրաստանի այլշրջաններում և տարածաշրջանում ընդհանրապես թուրքական գործոնի աճի վերաբերյալ.

– Մամուլում վերջին ժամանակներում հաճախ ենք հանդիպում հրապարակումների, որտեղ բերվում են փաստեր, թե ինչպես են թուրքական տարբեր կազմակերպություններն ակտիվացնում իրենց գործունեությունը Վրաստանում: Մի կողմից, պետք է նշել, որ Վրաստանը Վարդերի հեղափոխությունից հետո զգալի առաջընթաց է արձանագրել ազատական շուկայական տնտեսություն ձեւավորելու եւ համակարգային կոռուպցիան հաղթահարելու ճանապարհին, եւ բնական է, որ թուրքական ընկերությունների համար հարեւան Վրաստանը բարենպաստ պայմաններ է ապահովում: Նույնը կարելի է ասել նաեւ հայկական ընկերությունների պարագայում: Հետեւաբար, խոսելը ներկայումս ուղղակի թուրքական վտանգի մասին առնվազն չափազանցություն է թվում: Մանավանդ, երբ ակնհայտ է, որ դա ռուսական պրոպագանդայի ամենասիրելի թեմաներից է վրացական ուղղությամբ: Մյուս կողմից, հաշվի առնելով այն ներքին փոփոխությունները, որոնք տեղի են ունենում Թուրքիայում, մանավանդ վերջին տարիներին, խիստ մտահոգիչ են, եւ չպետք է բացառել, որ Արեւմուտքի հետ Թուրքիայի հարաբերությունների վատթարացմանը զուգահեռ, Ռուսաստանի հետ ռզմավարական հարաբերությունների խորացմանը զուգահեռ՝ Անկարան կարող է խիստ ապակառուցողական դեր խաղալ Կովկասում ընդհանրապես, Վրաստանում՝ մասնավորապես: Հետեւաբար, քաղաքական հաշվարկներում անհրաժեշտ է ունենալ բոլոր սցենարներն, այդ թվում՝ ամենավատթար: Համենայն դեպս, Թուրքիան այն պետությունը չէ, որը վստահելի է միջնաժամկետ եւ մանավանդ՝ երկարաժամկետ հեռանկարում:

Ինչպե՞ս հակազդել թուրքական ակտիվությանը Վրաստանում ու հատկապես Ջավախքի շրջանում.

– Եթե խոսք է գնում հակաօրինական ակտիվության մասին, ապա պետությունը եւ օրենքը պետք է ասեն իրենց խոսքը, եւ այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող: Եթե խոսքը այնպիսի ակտիվության մասին է, որը կարող է բերել ապագայում անհամաչափ թուրքական ներկայության տարածաշրջանում, իսկ վատթարագագույն սցենարների իրականացման պարագայում այնուամենայնիվ վերածվել սպառնալիքի, ապա դրա հակազդեցության բանալին Վրաստանի՝ ազատ, ժողովրդավարական, բարեկեցիկ, անվտանգ պետություն դառնալու մեջ է, պետություն, որը կդառնա ՆԱՏՕ-ի եւ ավելի ուշ՝ Եվրամիության անդամ: Հայաբնակ Ջավախքը, լինելով Վրաստանի մարզերից մեկը, լավագույնս ինտեգրված լինելով երկրին, միայն կշահի տվյալ պարագայում:

Ի՞նչ կարող են անել ՀՀ իշխանություններն այս ուղղությամբ, որպեսզի հակազդեն թուրքական ակտիվությանը Սամցխե—Ջավախք տարածաշրջանում.

– Նախ, Հայաստանը եւ Վրաստանը, որպես բազմաթիվ համատեղ շահեր ունեցող պետություններ, պետք է հասնեն նրան, որ տարածաշրջանում ունենան ամենասերտ հարաբերությունները: Եվ այդ հարաբերություններն, անշուշտ, պետք է տեղավորվեն Եվրոպական անվտանգության համատեքստում: Անշուշտ, Վրաստանը տարածաշրջանում առաջատարն է ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության հետ ինտեգրման գործընթացում, գործընթաց, որի պատմական նշանակությունը թե Վրաստանի, թե Հայաստանի պարագայում դժվար է գերագնահատել: Բացի դրանից, Հայաստանը մեծ անելիք ունի, կապված իր տարանցիկ ներուժի իրականացման ուղղությամբ, որպեսզի դառնա Պարսից Ծոցը Սեւ Ծովին՝ Իրանի եւ Ծոցի երկրները Վրաստանի սեւծովյան ափին կապող միջանցք եւ օղակ: Ուստի, Ձեր կողմից բարձրացված հարցի լուծումը ես տեսնում եմ այս երկու գործոնների համադրության մեջ, մի գործընթաց, որտեղ Հայաստան-Վրաստան հարաբերություններն ունեն ռազմավարական նշանակություն: Չափազանց կարեւոր եմ համարում նաեւ ռուսական գործոնի չեզոքացումը տարածաշրջանում: Մեծ խաբկանք կա նրանում, թե իբր Ռուսաստանը չեզոքացնում է թուրքական գործոնը: Մոսկվան եւ Անկարան կարող են ունենալ բազմաթիվ տարաձայնություններ, սակայն ռազմավարական առումով նրանք փոխլրացնում են միմյանց ոչ միայն Կովկասում, այլեւ Սեւծովյան տարածաշրջանում: Եվ չափազանց վտանգավոր կլինի տարածաշրջանի համար Անկարա-Մոսկվա հարաբերությունների սերտացումը հատկապես հակաարեւմտյան հենքի վրա, եւ այդ պարագայում Ջավախքը կլինի այդ սպառնալիքի կիզակետում: Հետեւաբար, պաշտոնական Երեւանն անվտանգության եւ պաշտպանության լայն եւ ընդհանուր օրակարգ ունի թե՛ Վրաստանի, թե՛ Եվրաատլանտյան ընկերակցության հետ, ինչպես նաեւ՝ Իրանի: Դա այն ճանապարհն է, որը թույլ կտա, որպեսզի թե Վրաստանը, թե Հայաստանը դառնան ամուր, ինքնիշխան պետություններ, որոնք ընդունակ են դիմագրավելու բոլոր հնարավոր դրամատիկ զարգացումներին: Այս իմաստով, ես չափազանց մեծ կարեւորություն եմ տալիս Հայաստանի Զինված Ուժերի մասնակցությանը ս.թ. հուլիսին Վրաստանի Վազիանի ռազմաբազայում տեղի ունենալիք ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր երկրների զինված ուժերի համատեղ՝ «Արժանապատիվ Գործընկեր-2017» զորավարժություններին: Խորապես համոզված եմ, որ այդ կուրսը պետք է ստանա որակական զարգացում:

Ի՞նչ քաղաքականություն պետք է մշակեն Ջավախքի հայկական կազմակերպությունները դիմակայելու համար թուրքական ակտիվությանը.

– Իմ պատկերացմամբ, Ջավախքի հայկական կազմակերպությունները, նախ, պետք է ունենան ակտիվ դիրքորոշում, կապված Հայաստան-Վրաստան հարաբերությունների զարգացման եւ խորացման հետ: Եվ լավագույն քաղաքականությունը, որը կարելի է պատկերացնել, դա մեծ հաշվով Վրաստանին հայկական Ջավախքի՝ ամենասերտ ինտեգրված լինելն է, ջավախահայերի՝ Վրաստանի օրինակելի եւ հաջողակ քաղաքացի լինելն է. որպես հարկատու, զինապարտ եւ ընտրող, որպես Վրաստանի ներքաղաքական եւ արտաքին քաղաքական առօրյայում պետկանամետ եւ լիիրավ, ակտիվ սուբյեկտ: Ջավախքի եւ ջավախահայության անվտանգության գրավականը՝ ազատ, ինքնիշխան, ժողովրդավարական, անվտանգ եւ բարեկեցիկ Վրաստանն է, որն ունի ռազմավարական, բարեկամական հարաբերություններ նույնպիսի ազատ, ինքնիշխան, ժողովրդավարական, անվտանգ եւ բարեկեցիկ Հայաստանի հետ:

Ձեր կարծիքով արդյո՞ք պատրաստ են Վրաստանի ու Հայաստանի իշխանությունները համագործակցել ընդդեմ թուրքական վտանգի.

– Նախ, Վրաստանն ու Հայաստանը մեծ անելիք ունեն հարաբերությունները որակապես ավելի բարձր՝ ռազմավարական աստիճանի հասցնելու առումով: Հաշվի առնելով Ռուսաստանի չափազանց դեստրուկտիվ գործունեությունը տարածաշրջանում, ի պատիվ Հայաստանի եւ Վրաստանի ղեկավարությունների, հասարակությունների, ինչպես նաեւ Ջավախքի հասարակության, պետք ասել, որ Մոսկվայի անընդհատ ջանքերը եւ խարդավանքները ազգամիջյան հարթության վրա խժդժություններ առաջացնելու ուղղությամբ ավարտվում եւ ավարտվելու են ապարդյուն: Լրջագույն քննության ենթարկվեցին Հայաստան-Վրաստան հարաբերությունները 2008 թվականին, երբ Մոսկվան ագրեսիա սանձազերծեց ընդդեմ Վրաստանի: Եվ պետք է շեշտել, որ այդ քննությունը պատվով անցան թե Հայաստանը, թե Վրաստանը: Սակայն, պետք է շեշտեմ նաեւ, որ այնուամենայնիվ Հայաստան-Վրաստան հարաբերությունների մակարդակը, որակը եւ բովանդակությունն առկա ներուժի հետ համեմատած՝ մնում են անբավարար: Հասարակական ընկալումներում ավելի շատ տեղ են գտնում կարծրատիպերը, քան իրողությունները: Եվ այստեղ մեծ դեր ունեն մամուլը, հորիզոնական կապերը: Կենսականորեն կարեւոր է, որպեսզի Հայաստան-Վրաստան միջպետական սահմանը չվերածվի ռազմա-քաղաքական առումով բաժանարար գծի: Դա այն է, ինչին ձգտում է Մոսկվան, եւ դա այն է, ինչին պետք է դեմ լինեն թե՛ Հայաստանը, թե Վրաստանը: Բացի դրանից, Երեւանը եւ Թբիլիսին ընդհանուր օրակարգ ունեն, կապված Իրանի հետ ռազմավարական նշանակության նախագծերի կյանքի կոչման գործում: Եվ այստեղ վճռական խոսք ունի ասելու Հայաստանը, որը, ցավոք սրտի, հապաղում է, եւ մեծ է ռիսկը, որ մենք կարող ենք կորցնել պատմական հնարավորությունը:

Արդյո՞ք չեք կարծում, որ Սամցխե—Ջավախքի հայության հուզող շատխնդիրներ կարող են ավտոմատ լուծվել այն բանից հետո, երբ Վրաստանի իշխանությունները լիարժեք կգիտակցեն թուրք—ադրբեջանական քաղաքականության վտանգը մեր շրջանում.

– Համոզված եմ, որ Սամցխե-Ջավախքի հայությանը հուզող հարցերը միանգամայն լուծելի են Վրաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների, Վրաստանի կողմից ստորագրված միջազգային եւ Եվրոպական կոնվենցիաների շրջանակներում, ինչպես նաեւ, ինչը շատ եմ կարեւորում՝ ջավախքցիների քաղաքացիական գիտակցության եւ օրինական քաղաքական ակտիվության բարձրացման հարթության վրա: Համոզված եմ նաեւ, որ Վրաստանի իշխանությունները, Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ համատեղ տարածաշրջանային ծրագրեր իրականացնելով, լիարժեք գիտակցում են նաեւ դրա հետ կապված ռիսկերը: Միեւնույն ժամանակ, այդ ռիսկերի չեզոքացման ուղղությամբ խնդրիների լուծումը տեսնում եմ, ինչպես ասացի նախորդ հարցերին պատասխանելիս, կամ ինչպես բխում է պատասխաններիցս, Վրաստանի եւ Հայաստանի՝ ՆԱՏՕ-ի եւ ԵՄ հետ ինտեգրացման խորացման, Հայաստանի եւ Իրանի հետ համատեղ ծրագրերի իրականացման, Հայաստան-Վրաստան միջպետական հարաբերությունների մակարդակի բարձրացման, Սեւծովյան տարածաշրջանի անվտանգության ապահովման գործում ակտիվ մասնակցության հարթության վրա: Ձեր կողմից նշված ռիսկերի, ինչպես նաեւ՝ ռուսական դեստրուկտիվ քաղաքականության չեզոքացումն, իմ համոզմամբ, հնարավոր է միայն այս ճանապարհով, եւ անշուշտ, այդ ջանքերի հաջողության շահառուն կլինի նաեւ Ջավախքը եւ ջավախահայությունը:

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը
Ք. Երեւան