Ախալցխայում իր գործունեությունը սկսեց նախընտրական մեդիակենտրոնը

Հուլիսի 11-ին Ախալցխայի ժողովրդավարական ներգրավման կենտրոնում իր գործունեությունը սկսեց նախընտրական մեդիակենտրոնը: Ծրագրի բացմանը ներկա էին հասարակական, լրատվական, կուսակցական եւ այլ հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներ: Հանդիպմանը բացման խոսքով հանդես եկավ Ախալցխայի USAID կենտրոնի ղեկավար Ամալիա Սարգսյանը, ով ներկաներին ներկայացրեց մեդիակենտրոնի բացման նպատակը:

Հանդիպման ընթացքում ներկաները հնարավորություն ունեցան բարձրացնել իրենց հուզող մի շարք հարցեր, որոնք մեդիակենտրոնի կողմից կներկայացվեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցող թեկնածուներին: Հանդիպմանը բարձրացվեցին տարբեր ոլորտի հարցեր որոնք հիմնականում վերաբերվում էին քաղաքի ենթակառուցվածքներին, կրթությանը, սպորտին եւ մշակույթին:

Հանդիպմանը հայկական հասարակությունը ներկայացավ իրեն հուզող մի շարք հարցերով, որոնք եւս պետք է ներկայացվեն թեկնածուներին ընտրությունների ժամանակ: Մասնավորապես նախկին քաղբանտարկյալ Գրիգոր Մինասյանը հավաքվածների ուշադրությանը ներկայացրեց այն խնդիրը, որը վերջին ժամանակներս բոլորից շատ է հուզում Ախալցխայի բնակչությանը: Խոսքը Ախալցխայում սնկի պես աճած հասարակաց տների մասին է, որոնցից օգտվում են թուրքերը: Նրա խոսքերով Ախալցխայում ամեն քայլափոխի կարելի է հանդիպել եկվոր անբարոյական վարքի կանանց եւ նրանց հետեւից վազող թուրքերին, ինչը անընդունելի է տեղի հասարակության համար եւ վտանգում է նույն քաղաքում ապրող երիտասարդների ապագան: Գրիգոր Մինասյանի խոսքերով պետությունը պետք է հեռացնի տվյալ հասարակաց տները եւ այդ բիզնեսով զբաղվող մարդկանց Ախալցխա քաղաքից:

Գրիգոր Մինասյանի երկրորդ հարցը վերաբերվում էր նրան, որ պետք է փոխվի մարդկանց «Պատվավոր Ախալցխացու» կոչում տալու կարգը: «Նման կոչումը մարդկանց շնորհելու համար Ախալցխայի քաղաքապետարանում ստեղծվել էր 26 հոգանոց խումբ, որոնցից ընդամենը մեկն էր ազգությամբ հայ, ինչը ճիշտ չէ»,-ասում է Գրիգոր Մինասյանը:

Նրա խոսքերը երկրորդեց Էդուարդ Այվազյանը, ով ավելացրեց, որ անցած չորս տարիների ընթացքում ոչ մի հայի չի շնորհվել պատվավոր Ախալցխացու կոչում, չնայած նրան, որ Ախալցխայում հայերը կազմում են մոտ 35% եւ մեծ ներդրում ունեն քաղաքի զարգացման գործում:

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնի տնօրեն՝ Էդուարդ Այվազյանը անդրադարձավ քաղաքի հայությանը հուզող եւս մեկ խնդրի, որը վերաբերվում է տեղական ինքնակառավարման մարմիններում հայերին աշխատանքի ներգրավման հարցին: «Չնայած, որ հայերը Ախալցխայում ունեն բավական մեծ տոկոսային ներկայություն, նրանք լիարժեք ներկայացված չեն քաղաքապետարանում եւ այս հարցը եւս անհրաժեշտ է բարձրացնել տեղական ինքնակառավարման ընտրություններին մասնակցող թեկնածուների առջեւ»,-ասում է Էդուարդ Այվազյանը: