Սույն թվականի օգոստոսի 26-ին տեղի ունեցավ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի՝ Հոգևոր կամուրջներ խորագիրը կրող ամառային համերգները Ախալքալաքում։ Համերգի առաջին մասը տեղի ունեցավ Վրաց ուղղափառ եկեղեցու Ախալքալաքի առաջնորդարանի դահլիճում։
Համերգին ներկա էին Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանը, Ախալքալաքի և Կումուրդոյի միտրոպոլիտ Նիկոլոզ Փաճուաշվիլին, Ախալքալաքի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը, Վրաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ալեքսանդրեն, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ։
Համերգի ընթացքում ելույթ ունեցան Շուշան Բլեյանը և Թերեզա Բեգլարյանը՝ Լիլիթ Առաքելյանի նվագակցությամբ, ինչպես նաև Ջավախքից Արմեն Մկոյանը և Անահիտ Ստելմաշովան։ Համերգի ավարտին խոսքով հանդես եկավ Բլեյանը, որն իր շնորհակալությունը հայտնեց Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանից և Գերաշնորհ Միտրոպոլիտ Նիկոլոզ Փաճուաշվիլիից ընդունելության համար։ Այնուհետև Հոգեշնորհ Հայր Սուրբը բոլոր ներկաների անունից շնորհակալություն հայտնեց երաժիշտներից հիանալի կատարման համար։
Ախալքալաքում Համերգի երկրորդ մասը տեղի ունեցավ Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում, որտեղ Շուշան Բլեյանը և Թերեզա Բեգլարյանը հանդես եկան հոգևոր կատարումներով։ Համերգին ներկա էր նաև ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը։ Վերջինս համերգի ավարտին հանդես եկավ ելույթով։ Այնուհետև Ախալքալաքի և հարակից գյուղերի հոգևոր հովիվներ Արժանապատիվ Տեր Եղիշե ավագ քահանա Հարությունյանն ու Արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը իրենց օրհնությունը բերեցին երիտասարդ կատարողներին և հյուրերին։
Միջոցառման ավարտին բոլորին սպասվում էր անակնկալ։ Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում կազմակերպվել էր ազգագրական պարերի ուսուցման դաս, որին մասնակցում էին նաև Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության պարի խումը և Վաչիան ազգագրական պարի խումբը (գեղարվեստական ղեկավար և պարուսույց Նասլետ Քեյան)։
Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվան