Ինչպես նախորդ տարի այս տարի ևս օգոստոսի 27-ը Կարծախ գյուղում նշանավորվեց Ջիվանու տուն-թանգարանի բացմամբ։ Նախորդ տարի բացվեց թանգարանի ցուցասրահը, իսկ այս տարի՝ հուշային մասը։ Տոնական օրը սկսվեց գյուղի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում մատուցված Սուրբ և Անմահ Պատարագով: Հանդիսապետությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի և մասնակցությամբ Ախալքալաքի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանի, օրվա պատարագիչն էր Կարծախ գյուղի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Տիգրան քահանա Մխիթարյանը։
Պատարագին ներկա էին ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբե Մաթևոսյանը, ՋԱՀ-ի հոգեբարձուների խորհուրդի նախագահ Սոս Սահակյանը, ՋԱՀ-ի գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանը, Ախալքալաքի շրջանային վարչության մշակույթի բաժնի ղեկավար Վալերի Ստելմաշովը, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը և այլոք։
Հավարտ Սուրբ Պատարագի՝ հյուրերն այցելեցին ՋԱՀ-ի կողմից կառուցված և բարեկարգված Ջիվանու տուն-թանգարան և մասնակցեցին բացման հանդիսավոր արարողությանը: Արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության և Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներ և այլ հյուրեր։: Այնուհետև գյուղի հարակից բլուրում տեղի ունեցավ դաշտահանդես և հյուրասիրություն։