Ծալկայի շրջանի Այազմա հայկական գյուղում մեծ շուքով նշվեց Աշուղ Հավասու 121-ամյակը

Սույն թվականի սեպտեմբերի 3-ին Ծալկայի շրջանի Այազմա հայկական գյուղում մեծ շուքով նշվեց Աշուղ Հավասու 121-ամյակը։ Օրը նշանավորվեց մեծանուն աշուղի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությամբ։ Այն կառուցվել է ծագումով Ղզլքիլիսայից, այժմ մոսկվայաբնակ Էդգար Արամյանի բարերարությամբ։ Արարողությանը հրավիրված էին Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանը, Ծալկայի հայկական համայնքների հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Ղևոնդ քահանա Թոփաշյանը, Արագովայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Թադեոս քահանա Տեր-Մկրտչյանը, Ծալկայի տեղական իշխանության ներկայացուցիչները՝ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Կախաբեր Օքրիաշվիլիի գլխավորությամբ, Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավորներ Հենզել Մկոյանն ու Սամվել Մանուկյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը։ Բացման արարողությունից հետո Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի գլխավորությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ: Որից հետո տեղի ունեցավ դաշտահանդես։

Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվան