ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի շրջանակում կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որտեղ քննարկվել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման հետ կապած հարցեր: Պայմանավորվել են նաեւ, որ համանախագահները հոկտեմբերին կժայցելեն տարածաշրջան:
Ամենից հատկանշականը, սակայն, այն է, որ, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, «հակամարտության կարգավորման առարկայական բանակցությունների շարունակման համար Էլմար Մամեդյարովն Ադրբեջանի աջակցությունն է հայտնել համանախագահների հնչեցրած որոշ առաջարկներին»:
Չի նշվում, թե ինչ առաջարկներ են դրանք, սակայն մինչ այժմ Բաքուն պնդում էր, որ բանակցությունները վերսկսվեն առանց նախապայմանների: Հայաստանն ու Մինսկի խմբի համանախագահները նշում էին, որ առանց վստահության միջոցառումների բանակցությունները չեն վերսկսվի: Մասնավորապես, խոսքը շփման գծին միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման եւ ԵԱՀԿ դիտորդների հնարավորությունների ընդլայնման մասին է: Այս մասին խոսվել է Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո:
Բաքուն հրաժարվել է կատարել այդ պայմանները, Հայաստանն էլ հայտարարել է, որ առանց դրա չի վերսկսի բանակցությունները: Այժմ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարում է, որ ընդունել է միջնորդների մի շարք առաջարկներ բանակցությունները վերսկսելու համար:
Սա նշանակու՞մ է, որ Ադրբեջանը համաձայն է սահմանին հետաքննությունների մեխանիզմների ներդրման առաջարկին: Եթե այո, ապա կարելի՞ է խոսել տարածաշրջանում ԵԱՀԿ ներկայության ընդլայման մասին:
Ադրբեջանը չի թաքցնում, որ իր համար կարեւոր է բանակցությունների վերսկսումը: Ժամանակի հետ տարածաշրջանում շատ բան է փոխվում, եւ Բաքուն հասկանում է, որ եթե հիմա բաց թողնի պահը, վաղը կարող է ուշ լինել բանակցությունների համար: Առաջին հերթին, հաջորդ տարի Ադրբեջանում ընտրություններ են տեղի ունենալու, եւ Ալիեւի վերընտրությունը վաղուց կասկածի տակ է: Նա, ըստ ամենայնի, փորձում է նախագահի պաշտոնում կնոջն առաջադրել, սակայն իրավիճակը միանշանակ չէ: Ալիեւների ընտանիքը կոշտ միջազգային ճնշման տակ է, Ադրբեջանում ընդդիմադիրների հանրահավաքներ են սկսվել:
Բացի այդ, հաջորդ տարվա գարնանն ավարտվում է Սերժ Սարգսյանի նախագահության ժամկետը, եւ Հայաստանում կփոխվի կառավարման համակարգը: Ալիեւը ստիպած է լինելու խոսել իշխող խորհրդարանական կոալիցիայի, այլ ոչ թե Սերժ Սարգսյանի հետ, ինչն ավելի բարդ է լինելու:
Նաեւ Քուրդիստանի անկախության հռչակումից հետո տարածաշրջանում շատ բան կարող է փոխվել, եւ քրդական ինքնիշխանության շարժումը կարող է հասնել նաեւ Թուրքիա: Հայտնի չէ, թե ինչպես կավարտվի Կատալոնիայի հանրաքվեն: Եթե երկու հանրաքվեները խաղաղ ելք ունենան, Ղարաբաղը լրացուցիչ փաստարկներ կստանա:
Կարճ ասած, Ադրբեջանին շտապ պետք է բանակցությունների վերսկսում: Դրա համար Բաքուն որոշել է «զիջումների գնալ» եւ ընդունել համանախագահների առաջարկները: Եթե առաջարկները հետաքննությունների մեխանիզմների մասին են, նշանակում է, որ Բաքուն համաձայն է հրաժարվել կարգավորման ուժային ճանապարհից: Հայաստանը վաղուց է պահանջում «չհարձակման պակտի» ստորագրում, սակայն Ադրբեջանը պնդում էր պատերազմի իր իրավունքը:
Նախագահների հանդիպմանն Ադրբեջանը կստորագրի՞ այդպիսի պակտ: Ըստ ամենայնի, ներկայիս վիճակում Բաքուն շատ բանի կարող է համաձայնվել միայն թե բաց չթողնի բանակցությունների հնարավորությունը:
Ի՞նչ կտա դա Հայաստնաին: Եթե առարկայական բանակցությունների ժամանակ քննարկվելու են հայկական կողմից տարածքային զիջումները, ապա աբսուրդ կստացվի. Հայաստանը պատերազմի սպառնալիքի տակ եւ անգամ պատերազմի ժամանակ տարածքներ չի տալիս, սակայն համաձայնվում է հանձնել «խաղաղ» բանակցությունների սեղանի շուրջ:
Ինչի՞ մասին են խոսելու Սարգսյանն ու Ալիեւը:
ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ Lragir.am