Ջավախքցի նկարիչների հետքը հայ կերպարվեստում. դասախոսություն-քննարկում

Նոյեմբերի 2-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) նախաձեռնությամբ տեղի ունեցավ հայ կերպարվեստին նվիրված դասախոսություն-քննարկում, որին ներկա էին տարբեր մասնագիտությունների և սերունդների ներկայացուցիչներ՝ դասախոսներ, ուսանողներ, արվեստագետներ, լրագրողներ և այլն: Վաստակաշատ գեղանկարիչ, բեմանկարիչ, ծնունդով Ախալցայից Վիկտոր Հովհաննիսյանը լսարանին ներկայացրեց հայ կերպարվեստի զարգացման փուլերն ու կարկառուն ներկայացուցիչներ Վարդգես Սուրենյանցի, Հակոբ Կոջոյանի և Վահրամ Գայֆեճյանի կյանքն ու ստեղծագործական ուղին:

Հանդիպման ընթացքում Վ. Հովհաննիսյանը, անդրադառնալով հայ կերպարվեստի առանձնահատկություններին, և, մասնավորապես, արվեստի այդ ճյուղի երեք խոշորագույն ներկայացուցիչներին, ներկայացրեց յուրաքանչյուր նկարչի վրձնի առանձնահատկությունները և թողած ժառանգությունը, ինչպես նաև նրանց ունեցած դերը հայ կերպարվեստի զարգացման գործում: Գեղանկարչի կողմից  ընդգծվեց, որ այս երեք վարպետների աշխատանքներն առավելապես արտահայտում են հայ մշակույթի ողջ խորությունն ու մեծությունը, և նրանց կտավներում կարելի է գտնել հայոց պատմության արտացոլանքը:

Քննարկման ընթացքում մասնակիցների կողմից հնչեցին տարբեր հարցեր, որոնք  հիմնականում առնչվում էին վարպետների առանձին ստեղծագործությունների  մեկնաբանություններին:

Դասախոսության ավարտին գեղանկարիչը ներկայացրեց նաև իր գունային բազմազանությամբ, գրաֆիկական յուրօրինակ ոճով աչքի ընկնող աշխատանքները, որոնց ներշնչման աղբյուրը կրկին Հայաստան աշխարհն է:

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամը շնորհակալություն է հայտնում գեղանկարիչ Վիկտոր Հովհաննիսյանին անցկացրած հետաքրքիր և բովանդակալից դասախոսության և «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնին միջոցառման իրականացմանն աջակցելու համար: