Հայոց Հացին և Լավաշին նվիրված միջոցառում Ախալքալաքում

Սույն թվականի նոյեմբերի 29-ին Ախալքալաքի շրջանային վարչության Ապագայի տանը կազմակերպվել էր Հայոց Հացին և Լավաշին նվիրված միջոցառում։ Միջոցառմանը ներկա էին Ախալքալաքի և հարակից գյուղերի հոգևոր հովիվներ Արժանապատիվ Տեր Եղիշե ավագ քահանա Հարությունյանն ու Արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը, Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանը, Ախալքալաքի շրջանային վարչության քաղաքապետ Յուրիկ Ունանյանը, Ախալքալաքի շրջանային վարչության սպորտի և երիտասարդության բաժնի ղեկավար Վալերի Ստելմաշովն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Միջոցառումը Հագեցած էր Հայոց լավաշին նվիրված գեղեցիկ բանաստեղծական ստեղծագործություններով ու երգերով։ Միջոցառման ավարտին Ախալքալաքի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Տաթևը հանդես եկավ օրհնության խոսքով, իր գոհունակությունը հայտնեց Ապագայի տան ողջ անձնակազմին ու տաղանդաշատ սաներին` գեղեցիկ ու յուրահատուկ միջոցառման համար։ Արժանապատիվ Տեր Հայրը նաև հիշեցրեց բոլորին, որ Հացի սրբությունը առավելապես արտացոլված է եկեղեցական Սրբազան ծիսակարգում` Սուրբ Հաղորդության պարագայով, և ևս մեկ անգամ հորդորեց բոլորին մշտապես ներկա լինելու Սուրբ Պատարագի խորհրդին։

Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվան