Սաթխայում կառուցվում է Ալբերտ Իսոյանի անունը կրող ազգագրական թանգարան

Անցյալի պատմությունը մի լուսատու լապտեր է, որ ամեն մի ժողովուրդ ձեռքին պետք է ունենա իր ճամփեն անմոլոր գնալու համար:

Հովհաննես Թումանյան

Արդեն ավարտին է մոտենում ՎՀԳՄ, ՀԳՄ անդամ , գրող,  ազգագրագետ Ալբերտ Իսոյանի անունը կրող թանգարանի կառուցման աշխատանքները, և բոլոր հավաքված նմուշներն իրենց տեղը կզբաղեցնեն արդեն ամռանը։

Անվանի գրողների, մշակույթի և գիտության ոլորտի մարդկանց  նվիրված ստենդները թանգարանում կներկայացվեն տարբեր խորագրերով։ Այնտեղ առկա բոլոր  նյութերի օգնությամբ  թանգարան այցելող ցանկացած մարդ ամբողջովին կտեղեկանա գյուղի թե´ անցյալի, և թե´ ներկայիս պատմությանը։

Իր կյանքի ամբողջ ընթացքում  շատ դժվարությամբ հավաքած ազգագրագետի բոլոր նյութերն  ի վերջո հասանելի կդառնան բոլորի համար, ովքեր կայցելեն թանգարան։

Այդ ամենից բացի այնտեղ տեղ կգտնեն նաև հայկական երաժտական, հողագործության և կենցաղային  այլ իրեր, Սաթխա գյուղի ժողովրդի և նրա անցած բոլոր ճանապարհի մասին պատմող գրքեր և նույնիսկ  մեր նախնիների ոսկորներ։

Նշանավոր բոլոր մարդկանց նկարները թանգարանում կտեղադրվեն իրենց մասին պատմող կենսագրական  նյութերով , որոնք  Ալբերտ Իսոյանը կատարում է իր որդիների՝ Արթուրի և Արազի աջակցությամբ և ֆինանսավորությամբ։

Սաթխա գյուղի գետի ափին Ժայռաքարերով կառուցված հնաոճ  այս թանգարանի դռները բաց են լինելու բոլորի առջև , և շատ քիչ ժամանակում այն դառնալու է  շրջանի տեսարժան վայրերից մեկը։