Դեկտեմբերի 15-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում ունեցավ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ

Վարչապետը, շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ, նրան մաղթեց արգասաբեր աշխատանք՝ միաժամանակ հայտնելով, որ ՀՀ դեսպանն իր գործունեության ողջ ընթացքում մշտապես կզգա վրացական իշխանությունների աջակցությունը:

Գիորգի Կվիրիկաշվիլին, խոսելով երկկողմ հարաբերությունների մասին, ընդգծեց հայ-վրացական ավանդական բարեկամական հարաբերությունների կարևորությունը՝ ավելացնելով, որ երկու երկրների միջև առկա է փոխշահավետ համագործակցության մեծ հեռանկարներ: Այդ համատեքստում վարչապետը գոհունակությամբ նշեց վերջին ժամանակաշրջանում գրանցած առաջընթացը:

Նա ընդգծեց, որ չի մտաբերում որևէ ժամանակաշրջան, երբ Վրաստանի և Հայաստանի հարաբերություններն այսաստիճան բարձր մակարդակի վրա լինեին: Վարչապետը նաև կարևորեց երկու երկրների ղեկավարությունների միջև ձևավորված անձնական ջերմ հարաբերությունները, ինչը մեծապես նպաստում է փոխշահավետ համագործակցության խորացմանը:

Իր հերթին ՀՀ դեսպանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և նշեց, որ մտադիր է երկու երկրների բարեկամական հարաբերությունների առավել խորացման ուղղությամբ մեծ ջանքեր գործադրել:

Կողմերը համակարծիք էին, որ առաջիկայում սպասվող երկկողմ բարձրաստիճան այցելություններն էլ ավելի կամրապնդեն երկու բարեկամ երկրների փոխհարաբերությունները:

Հանդիպման ավարտին ՀՀ դեսպանը շնորհակալություն հայտնեց վրացական իշխանություններին՝ հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող հոգատարության համար: