Թուրքիան Հայաստանին Նախիջեւանո՞վ կպատասխանի

Թուրքիան ու Հայաստանը, փաստացի, հայտարարել են հայ-թուրքական արձանագրություններից հրաժարվելու մասին: Նախ Աթենքում այդ մասին անուղղակի հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Հղում անելով ՄԱԿ-ում Սերժ Սարգսյանի ելույթին՝ նա ասել է, որ «Հայաստանը 2018 թվականի գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների»: Նա դա հիմնավորել է նրանով, որ Թուրքիան չի հրաժարվում ղարաբաղյան նախապայմաններից արձանագրությունները վավերացնելու համար:Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Նալբանդյանի հայտարարությանը եւ ըստ էության հաստատել, որ Թուրքիան չի հրաժարվում Ղարաբաղի հարցով նախապայմաններից: «Արձանագրությունները դեռ Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի օրակարգում են: … Առաջին հերթին առաջընթաց է անհրաժեշտ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, որը շարունակվում է քառորդ դար եւ լուծման է սպասում ՄԱԿ ԱԽ բանաձեւերի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության համատեքստում», — նշված է Թուրքիայի ԱԳՆ փաստաթղթում:Հայ-թուրքական հարաբերությունների հարցում Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել, հայտարարել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը: «Հայաստանի դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ բազմիցս արտահայտվել է, իսկ վերջին անգամ՝ երկու օր առաջ Հայաստանի արտգործնախարար Նալբանդյանի՝ Աթենքում ունեցած ելույթում։ Այն որևիցե փոփոխություն չի կրել»,- ասել է Բալայանը:Հիշեցնենք, որ Թուրքիան իր հայտարարությամբ հրաժարվում է նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչումից: «Ցեղասպանության մասին Նալբանդյանի պնդումները ոչ մի հիմք չունեն: Ինչպես նշված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներում, 1915 թվականի իրադարձությունները քննարկման առարկա են խոսքի ազատության համատեքստում», -նշված է հայտարարությունում:Այսպիսով, եթե մոտակա երկու ամիսներին ոչինչ չփոխվի, Հայաստանը բոլոր հիմքերն ունի հայ-թուրքական արձանագրություններից իր ստորագրությունը հետ կանչելու համար: Ինչի՞ կարող է դա հանգեցնել եւ ինչպե՞ս կազդի տարածաշրջանային զարգացումների վրա:Արձանագրությունների ակնհայտ եւ անուղղակի բաղադրիչներից մեկը հայ-թուրքական հաղորդակցության վերականգնումն է: Թուրքիան սակայն կտրականապես հրաժարվում է բացել Հայաստանի սահմանը: Վերջերս շահագործման է հանձնվել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, որն առիթ էր, որպեսզի Թուրքիան հայտարարի Վրաստանի սահմանին հայկական բեռների մուտքը թույլ չտալու համար: Արձանագրությունների եւս մեկ անուղղակի նպատակը, ըստ ամենայնի, հայ-թուրքական հարաբերությունները ղարաբաղյան կարգավորումից առանձնացնելն էր: Միջազգային միջնորդները, այդ թվում՝ ԱՄՆ-ն, բազմիցս հայտարարել են, որ Թուրքիայի նախապայմաններն անընդունելի են:Սակայն Թուրքիան Ադրբեջանում ակտիվորեն ներգրավված է բանակաշինությանը, հատկապես Նախիջեւանում: Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Նախիջեւանի ռազմականացումը կարող է սպառնալիք լինել տարածաշրջանային կայունությանը, հայտարարել է ՀՅԴ Հայ դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նրա խոսքով, դա պետք է հուզի նրանց, ովքեր շահագրգռված են տարածաշրջանային կայունությամբ, որովհետեւ իրավիճակի սրացման դեպքում շատերը կարող են ներգրավվել, իսկ ելքն անկանխատեսելի կլինի:Ադրբեջանին ռազմական օգնությունը կդառնա՞ Թուրքիայի պատասխանը հայ-թուրքական արձանագրություններից Հայաստանի հրաժարվելուն: Նախիջեւանը կդառնա՞ այն գինը, որն Ադրբեջանը կվճարի Թուրքիային իր նախապայմաններից որոշակի «կախվածության» դիմաց:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

lragir.am