Հայ Գիտակների Ակումբը Վրաստանում արդեն չորս տարեկան է

2014 թվականին Թբիլիսիում հայ երիտասարդների կողմից նախնաձեռնված Հայ Գիտակների Ակումբը այս տարվա դեկտեմբերի 16 ին ավարտեց մտավոր խաղերի արդեն չորրորդ մրցաշրջանը: Այդ առիթով Akhaltskha.net ի հարցերին է պատասխանում ՀԳԱ հիմնադիր Արտակ Այվազյանը:

-Պրն Այվազյան միանգամից հրատապ հարցը տանք, ո՞վ է այս տարվա Մրցաշրջանի հաղթողը:

— Այս տարի Ակումբի խաղերին մասնակցելու համար ձևավորվել էին ութ թիմեր, որոնցից երեքը առաջին անգամ էին մասնակցում մրցաշրջանին: Եվ ամենաանսպասելին այն էր , որ հենց նորեկ թիմերից մեկը  ՝ «Հայքը» կարողացավ  հավաքած միավորներով անցել  «զգոնությունը կորցրած վետերաներին» , և դառնալ  տարվա հաղթողը: Իսկ ընդհանուր առումով, այս խաղերից հաղթող են բոլոր մասնակցողները , առավել ևս նորեկները , ովքեր   ծանոթանում ու  ազգակիցների հետ  Ակումբի ջերմ մթնոլորտն են վայելում: Հետևաբար խաղաշրջանի վերջում շատերի համար բուն խաղերում հաղթելը արդեն առանցքային հարց չէ:

-Քանի որ նոր  ծանոթություններ  հիշատակեցիք , ապա  այսպիսի հարց էլ տանք: Որքան հայտնի է,  ՀԳԱ-ում մասնակիցների մի մասը  մայրաքաղաքի բուհերում սովորող ջավախահայ ուսանողներն են : Ինչպե՞ս կգնահատեիք  մեր ջավախահայ երիտասարդների քաղաքացիական ինտեգրման աստիճանը  Վրաստանում:  Եվ, ասենք նույն ՀԳԱ-ի  տիպի հայկական կազմակերպություների ձեր հիշատակած մթնոլորտը նպաստու՞մ է, թե խանգարու՞մ հայ երիտասարդների ինտեգրմանը, նրանց սահմանափակելով հայկական միջավայրում:

— Ըստ իս՝ անձի կողմից պետության քաղաքացիական հանրության մեջ ինտեգրման աստիճանը,առաջին հերթին, տեղին է գնահատել  իրավական և մասնագիտական տեսակետից: Հետևապես , եթե մեր երիտասարդը  ապրում է պետության օրենքների համաձայն և ինքնաիրականացման է ձգտում իր մասնագիտական բնագավառում, ապա նրա ինտեգրման հարցը այլևս քննարկման ենթակա չէ:  Ես այստեղ նույնիսկ պետական լեզվի իմացության  աստիճանը չեմ ակնարկում , քանզի իրականությունը ցույց տվեց ,որ դա միայն շփման բացակայության հարց է, և մեկ երկու տարի ուսանելով բուհերում  ջավախահայ երիտասարդները սկսում են ազատ  տիրապետել  վրացերենին:  Մնացածը հողից զուրկ բանավեճի թեմա է, ավելին՝ էթնիկական ինքնության ինքնազգացողության նվազումը  սովորաբար   նվազեցնում է նաև  անձի հանրության նկատմամամբ բարոյական  պատասխանատվության աստիճանը:

Ինչ վերաբերվում է մեր  Ակումբին , ապա այն իր մտահղացմամբ նախ և առաջ նպաստում է վրաստանաբնակ հայ երիտասարդ սերնդի  ներազգային ինտեգրմանը ՝ անկախ բնակավայրի,  մասնագիտության, կրթության , կուսակցական , դավանական կամ արժեհամակարգային մտածողության տարբերության, ինչպես նաև լեզվի տիրապետության մակարդակի: Այստեղ առանցքայինը հայի համար հայկական միջավայրում հաճելի  ու բայրացկամ  ժամանցային միջավայր  տրամադրելն է: Ակումբի նման ձևաչափի  արգասիքն է  այն, որ այդպիսով երբեմն հաջողվում է  ազգային միջավայրով հետաքրքրել հայերին, ովքեր մանուկ հասակում  կնունքից  հետո Հայ Եկեղեցու շեմին իսկ չեն մոտեցել:  Էլ չեմ ասում նրա մասին, որ Ակումբի միջոցառումներին  ծանոթության հետևանքով արդեն մի քանի հայ ընտանիքներ են ստեղծվել:

Իսկ ինչ վերաբերվում  է  Վրաստանի հանրային կյանքին  ինտեգրմանը , ապա , կարծեմ , ՀԳԱ-ն չի զիջում շատ մնացած Վրաստանում  հայկական հասարակական  ավելի խոշոր  կառույցներին: Քանզի   Հայ Գիտակների Ակումբի հավաքականը ոչ միայն  ժամանակ առ ժամանակ մասնակցել  է Վրաստանի «Ինչ՞ Որտե՞ղ Ե՞րբ»  սպորտային խաղերին ,  այլև  2016 թվականի   աշնանը   Tbilisi Open Cup համաշխարհային բաց առաջնությանը մասնակցեց  Վրաստանը ներկայացնող թիմերի շարքում:   Ասեմ ավելին , այս ամռանը  մեր արտամրցույթային խաղերի ժամանակ, որից մեկը  մենք անցկացրինք վրացերեն լեզվով և հրավիրված վրացի խաղավարով , երկու վրացական գունդ էին մասնակցում:

—  Լեզվի մասին ասացիք, որքան հասկացա, խաղերը հիմնականում ռուսերե՞ն են ընթանում:

-Խաղերի ռուսերեն վարելը պայմանավորված է երկու հանգամանքով : Առաջինը ՝ ռուսերենը Ինչ՞ Որտե՞ղ Ե՞րբ խաղերի միջազգային մրցույթների չափանիշն է  և  նույնիսկ Վրաստանում սպորտային առաջնություները ռուսերեն են անցնում:  Երկրորդը ՝ վրաստանաբնակ հայությունը հայերեն լեզվի իմացության հարց ունի և ռուսերենը նրան ավելի հասանելի է:  Չնայած , մենք անց ենք կացրել խաղեր ոչ միայն գրական հայերենով, այլ   ջավախահայ ուսանողների ջանքերով  նաև Ջավախքի բառբառով: Կուզեի ասել , որ Ակումբի ներկա առաջնորդ Աննա Հովհաննիսյանը հայերենով կազմած հարցերի բազա է վաղուց պատրաստել , որով մենք փափագ ունենք Վրաստանի հայաբնակ շրջաներում խաղեր անցկացնեինք : Բայց ,քանի որ, ՀԳԱ-ն ինքնաբուխ , զուտ էթնիկական, և ոչ թե հասարակական կառույց է, ապա կողմնակի  աջակցության բացակայության պայմաններում դա դեռ չէ իրականացվել:

-Իսկ ճիշտ չէ՞ր լինի դիմել աջակցության համար որևէ կառույցի , ասենք հենց Սփյուռքի նախարարությանը:

— Այնպես չէ , որ մենք ոչ մեկի աջակցություն չենք ընդունում: Առանց համատեղ ուժերի, ընդհանրապես, որևէ  մի նախաձեռնության իրականացում ծրագրելը կույր մեծամտություն կլիներ: Խաղերի համար  սեփական տարածք չունենալու պայմաններում մեզ այս չորս տարվա ընթացքում դահլիճ են տրամադրել  Վիրահայոց Հայ Առաքելական Թեմի Մշակույթի կենտրոնը, Հայ Կաթողիկե Թեմի Տունը,  Ալիք –Մեդիա ռադիոն , իսկ այս տարվանից արդեն նաև  Վիրահայ Միություն կազմակերպությունը:  Առանձին կցանկանայի նշել Հայ Կաթողիկե Թեմի Տան աշխատակազմը , ովքեր ըմբռնումով մոտենալով  մասնակիցների աշխատանքային և ուսանողական  գրաֆիկին , խաղերի օրերին մնում էին աշխատատեղերում մինչ ուշ երեկո:

Այս տարվանից , օրինակ , Ակումբի շրջանակներում արդեն ինքնագործ բեմադրության փորձեր ենք անում ու կրկին հարկ կլինի տարածքի հարցով աջակցության:

Իսկ  ինչ կարող էր վերաբերվել Սփյուռքի նախարարությանը , ապա ես, ընհանրապես,  այսօր Սփյուռքում   չեմ տեսնում արժող մի բան, որին կիսապատերազմյան վիճակում գտնվող Հայաստանի Հանրապետությունը  նյութական աջակցություն պիտի տրամադրի: Հայը պետք է հայ լինի նաև իր անձնական հաշվին: Ավելին , դեմ եմ, որ նման աջակցություն տրամադրվի Սփյուռքի նախարարության նման մի անհասկանալի նպատակով և անշոշափելի արդյունավետությամբ  բյուջետային միջոցներ մսխող կառույցի միջոցով:

Ուրիշ բան է , որ  Երևանից մենք բացարձակ այլ, գիտակցական աջակցության հույս ունեինք: 2016 թվականին   Armenia.TV  ալիքի «Ի՞նչ Որտե՞ղ Ե՞րբ» հեռուստախաղերի ղեկավարության կողմից կարծես թե պաշտոնական հրավեր ստացանք մոտ ապագայում Ակումբից հավաքական թիմ ուղարկել հեռուստախաղերին:  Ավելորդ է ասել ,թե սա  ՀԳԱ-ին ինչ անհրաժեշտ գովազդ կծառայեր վրաստանաբնակ հայության   մեծամասնության համար , որը գուցե հայկական թերթեր չի կարդում, համայնքային կյանքին բացարձակ չի մասնակցում, բայց հայկական հեռուստաալիքներ միշտ նայում է:  Նման գովազդից հետո արդեն կարելի էր խոսել Ակումբի շրջանակներում  ոչ թե հինգ վեց տասնյակ, այլ մի քանի հարյուր հայի ընդգրկման մասին:

Ես  հիմա չեմ կարող համոզվածությամբ ասել, թե ինչը պատճառ դարձավ ՝սոսկ  իմ անձի, որպես ՀԳԱ հիմնադրի ՀՀ իշխանությունների նկատմամբ «բողոքական դաշտում» լինելը, թե ուղղակի հեռուստաալիքի, ինչպես հայաստանյան շատ պաշտոնական կառույցների ապազգայնական մտածողական բնույթը , բայց արդեն տարիուկես է անցել , և իմ մի քանի հիշեցումների անարդյունք լինելը վկայում է նրա մասին ,որ  նրանք դրժել են իրենց խոսքին:

Այստեղ իմ անձնականը չկա ընդհանրապես , Ակումբի հիմնական առաջնորդն էլ այս տարվանից Աննա Հովհանիսյանն է , ու ես չեմ կարծում, որ հեռուստախաղերի արտամրցույթային ձևաչափում մասնացությունը մի այնպիսի բարդ ձեռնարկ պիտի լիներ,  ինչին վիրահայ երիտասարդեների թիմը տարիներ պիտի սպասեր: