Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության դահլիճում բացվեց Սուսաննա Մկրտչյանի անհատական ցուցահանդեսը

2017 թվականի դեկտեմբերի 22-ին Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության դահլիճում բացվեց ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, գեղանկարիչ Սուսաննա Մկրտչյանի անհատական ցուցահանդեսը, որտեղ ներկայացվեցին գործվածքի վրա կատարված նրա մանրանկարները: Աշխատանքների շարքը կոչվում է «ԱՎԵՏՈՒՄԻՑ ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ԿԱՄ ՄԵԾ ՊԱՀՔ»։

Դահլիճը բազմամարդ էր։ Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Ախալքալաքի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը, Նինոծմինդայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանը, Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանը, Ախալքալաքի փոխքաղաքապետ Արմեն Մարանգոզյանը, Ախալքալաքի շրջանային ժողովի փոխնախագահ Ռոբինզոն Կավռելիշվիլին, Ախալքալաքի շրջանային վարչության սպորտի և եիտասարդության բաժնի ղեկավար Վալերի Ստելմաշովը, մշակութային կառույցների ներկայացուցիչներն ու այլ հյուրեր։

Ցուցահանդեսին ներկայացված էր 25 աշխատանք։ Այս աշխատանքները ստեղծվել են Մեծ Պահքի ընթացքում և հանդիսանում են Սուսաննա Մկրտչյանի պահքը։

Ցուցահանդեսը բացեց և օրհնության խոսքով հանդես եկավ Վիրահայոց թեմի բարեխնամ առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը։ Այնուհետև իրենց գնահատանքի խոսքով հանդես եկան Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանը, Ախալքալաքի շրջանային վարչության սպորտի և եիտասարդության բաժնի ղեկավար Վալերի Ստելմաշովը, Ախալքալաքի նկարչական դպրոցի տնօրեն Կառլեն Կարապետյանը, Նինոծմինդայի Ռաֆայել-Ջավախ մշակութային կենտրոնի տնօրեն Գևորգ Սնխչյանը։

Սուսաննա Մկրտչյանը իր խորին շնորհակալությունը հայտնեց Վիրահայոց թեմի առաջնորդին նման հնարավորություն ընձեռելու համար։

Ցուցահանդեսը ուղեկցվում էր Ախալքալաքի երաժշտական դպրոցի սաների գեղեցիկ կատարումներով։

Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվան