Թանդոյանց եկեղեցին վրաց պատրիարքարանին փոխանցելու հարցով Վիրահայոց թեմը կդիմի դատարան

Թբիլիսիի Թանդոյանց եկեղեցին կեղծ փաստաթղթի հիման վրա վրաց պատրիարքարանին փոխանցելու հարցը դրական լուծում չստանալու դեպքում, Վիրահայոց թեմը կդիմի դատարան: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 23-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վիրահայոց թեմի մամուլի եւ լրատվության բաժնի տնօրեն Սուսաննա Խաչատրյանը:

«Բանավոր, գրավոր խնդրանքներով այս հարցը չլուծվելու դեպքում կդիմենք դատարան՝ պահանջով, որ կամ եկեղեցին վերադարձվի Վիրահայոց թեմին, կամ եկեղեցին որպես պետության սեփականություն վերադարձվի էկոնոմիկայի նախարարությանը: Մենք նիստ ենք գումարել թբիլիսահայության ներկայացուցիչների հետ, քննարկել ենք ինչ հանդիպումներ եւ ինչ քննարկումներ պետք է ունենանք համապատասխան կառույցների, մարմինների հետ, որպեսզի հասկանանք մեր հետագա անելիքները»,-ասաց նա:

Սուսաննա Խաչատրյանը նշեց, որ ապրիլին Վրաց պատրիարքարանի քարտուղար Բոթքովելին դիմել է Վրաստանի հուշարձանների պահպանության եւ վերականգնման գործակալություն՝ Թանդոյանց եկեղեցու մասին տեղեկություններ ստանալու: Գործակալությունը կեղծ փաստաթուղթ է ներկայացրել, թե իբր այդ եկեղեցին նախկինում եղել է վրացական, որի հիման վրա էլ այն փոխանցվել է վրաց պատրիարքարանին որպես սեփականություն:

Նշենք, որ Թանդոյանց Սբ. Աստվածածին եկեղեցին գտնվում է Թբիլիսիի Կուկիո կոչված թաղամասում, այն կառուցվել է 19-րդ դարում: Մինչեւ խորհրդային տարիները գործել է որպես հայ առաքելական եկեղեցի, հետո վերածվել է կինոթատրոնի:

Կուկիո թաղամասում, մինչ Թանդոյանց Սբ. Աստվածածին եկեղեցու հիմնադրումը գործել է Սբ. Աստվածածին անվամբ Հայ առաքելական եկեղեցին: