Գումբուրդոյի Սուրբ Խաչ եկեղեցում Հարիսայի փառատոնի միջոցով նշվեց Բարեկենդանը

Սույն թվականի փետրվարի 9-ին՝ Գումբուրդոյի Սուրբ Խաչ եկեղեցում, Ախալքալաքի և հարակից գյուերի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը կատարեց հանդիսավոր ժամերգություն։

Հավարտ ժամերգության՝ Արժանապատիվ Տեր Հայրը կատարեց մեղքերի խոստովանության կարգ ու եկեղեցում հավաքված հավատացյալները ստացան Սուրբ Հաղորդություն։ Այնուհետև Արժանապատիվ Տեր Հայրը բոլորին հրավիրեց եկեղեցու բակ, որտեղ, օրհնությամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, Հարիսայի փառատոնի միջոցով նշվեց Բարեկենդանը։ Արժանապատիվ Տեր Հայրը օրհնեց հարիսան և եկեղեցու բակում հավաքված հավատացյալներին հրավիրեցին հյուրասիրվելու:

Գումբուրդոյի Սուրբ Խաչ եկեղեցու հավատավոր համայնքը մեծ խանդավառությամբ և սպասումով ընդունեցին այս նախաձեռնությունը՝ հավատքի կյանքը ազգային ավանդույթներով համեմելու իրողությունը՝ այն ակնկալիքով, որ այսպիսի գեղեցիկ փառատոններն ու ազգային եկեղեցական տոներն ու ավանդույթները շարունակաբար կնշվեն։ Հարիսան իր ընտանիքի կողմից մատուցեց Գումբուրդոյի Սուրբ Խաչ եկեղեցու խաչի քավոր Վալերի Սահարյանը։

Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվան