Վրաստանի և Հայաստանի առաջին հանրապետությունների 100-ամյա հոբելյաններին նվիրված շախմատի մրցաշար Ջավախքում

Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փեխանորդության Ախալքալաքի, Դիլիսկայի և Նինոծմինդայի հովվություններում, օրհնությամբ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, Վիրահայոց թեմի երիտասարդության հարցերի բաժնի նախաձեռնությամբ անց է կացվում Վրաստանի և Հայաստանի առաջին հանրապետությունների 100-ամյա հոբելյաններին նվիրված շախմատի մրցաշար՝ 13-17 տարեկան շախմատասերների միջև:

Այսօր, Դիլիսկայի շախմատի դպրոցում տեղի ունեցավ Դիլիսկայի հովվության եզրափակիչ փուլը։ Նախ շախմատի դպրոցի տնօրեն Ռազմիկ Գոգորյանը
ներկայացրեց մրցաշարի ձևաչափը, նշեց, որ այն անց է կացվում երկու փուլով և նախորդ օրը, օրհնությամբ Դիլիսկայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Տիգրան քահանա Մխիթարյանի, անց է կացվել առաջին փուլը: Ապա օրհնության խոսքով հանդես եկավ Ախալքալաքի և հարակից համայնքների հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը, որից հետո ամփոփեցին երկու փուլերի արդյունքները։

Երկու փուլերի արդյունքում առաջինից երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրեցին հետևյալ մասնակիցները՝ Ռուբիկ Հակոբյանը, Արման Թոքմաջյանը և Ռաֆիկ Գաբրիելյանը։ Նրանք ստացան մեդալներ, պատվոգրեր, իսկ երրորդից վեցերորդ տեղերը զբաղեցնողները՝ գրքեր։ Դիլիսկայի հովվությունից առաջի տեղը զբաղեցրաց Ռուբիկ Հակոբյանը կմասնակցի եզրափակիչ փուլին, որը տեղի կունենա Թբիլիսիում, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում:

Մրցաշարի հաղթող առաջին երեք տեղերի համար նախատեսված են մրցանակներ և դրամական պարգևներ:

Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվան