Ինչպես է Վրաստանը արդյունավետ պայքարում կորոնավիրուսի դեմ․ այնտեղ վարակակիրների թիվը 67 է, Հայաստանում՝ 235

Վրաստանի կողմից կորոնավիրուսի վարակի տարածման դեմ տարվող կանխարգելիչ միջոցառումներն շատ արդյունավետ են։ Նույնիսկ շատ առաջատար երկրներ, որոնք այսօր հայտնվել են դժվարին իրավիճակում վարակի տարածման պատճառով, չեն կարողանում նման արդյունավետ պայքարել կորոնավիրուսի տարածման դեմ։ Լինելով փոքրիկ ու շատ եվրոպական երկրների համեմատ աղքատ պետություն, Վրաստանը հրաշալի ձեւով կարողանում է կանխարգելել վարակի տարածումը, որպեսզի այն չվերածվի պանդեմիայի երկրի ներսում։ ArmDaily.am-ի հետ զրույցում Սամցխե-Ջավախքի մեդիա վերլուծական կենտրոնի տնօրեն էդուարդ Այվազյանը նշեց, որ Վրաստանի արդյունավետությունը կայանում է արագ արձագանքման մեջ։ Օրինակ, երբ փետրվարի 26-ին Վրաստանում հաստատվեց կորոնավիրուսի վարակի առաջին դեպքը մարտի 1-ից արձակուրդ հայտարարվեց, իսկ մի քանի օրից որոշում կայացվեց փակել թատրոնները եւ համերգասրահները։ Ռիսկային երկրներից ժամանող մարդկանց սկսեցին ավելի ուշադիր ստուգել եւ ուղարկել կարանտին։ «Կարանտինում գտնվող մարդկանց հետեւում է ոստիկանությունը եւ մեզ մոտ ամեն օր գրանցվում են բազմաթիվ դեպքեր, երբ մարդիկ փորձում են խախտել կարանտինը, ոստիկանները նրանց պարտադրում են 14 օր մեկուսանալ։ Երբ Հայաստանում արտակարգ դրություն հայտարարվեց՝ Վրաստանում արդեն գործում էին այնպիսի սահմանափակումներ, որոնք չկային Հայաստանում արտակարգ դրության ժամանակ։ Մարտի 20-ին պետությունը խորհուրդ տվեց փակել բոլոր խանութները եւ այլ օբեկտները, որը իհարկե այդքան էլ չաշխատեց եւ հետո Վրաստանում արտակարգ դրություն հայտարարվեց, որպեսզի սննդի խանութներից բացի ոչ մի օբեկտ չաշխատի»։

Այվազյանը նշեց, որ Վրաստանում սահմանափակված են մարդկանց հավաքույթները՝ 10 մարդուց ավելի չի թույլատրվում մասնակցել հավաքների, Հայաստանում՝ 20 մարդ է, Հայաստանում չնայած արտակարգ դրություն է եւ վարակի դեպքերը երեք անգամ ավելի շատ են, բայց Վրաստանից հետո միայն նման որոշում ընդունվեց սահմանափակել խանութների աշխատանքը։ «Երեկ երեկոյան ՀՀ վարչապետը հայտարարեց սրճարանների եւ ռեստորանների փակման անհրաժեշտության մասին, Վրաստանում արդեն մի քանի օր է գործում է նման սահմանափակում»։ Նա ներկայացրեց նաև Վրաստանի շրջաններից մեկին՝ Մարնեուլիին, որտեղ 2 օր առաջ մի կնոջ մոտ հայտնաբերել էին կորոնավիրուս։ «Երբ չհաջողվեց ճշտել, թե կինը կոնկրետ ումից է վարակվել՝ փակեցին Բոլնիսը եւ Մարնեուլին, այնտեղ ռազմական տեխնիկա մտցրեցին եւ վրանային հոսպիտալներ տեղակայեցին։ Այս պահին Մարնեուլիի փողոցներում մեկ մարդ չեք տեսնի, բացի սննդի գնացողներից, ոստիկաններից, բժիշկներից, ախտահանողներից ու զինվորականներից։ Երեկ որոշում կայացվեց դադարեցնել միջքաղաքային երթուղիների աշխատանքը ամբողջ Վրաստանի տարածքում։ Նման միջոցներ մենք երկու-երեք օրվա տարբերությամբ տեսնում ենք նաեւ Հայաստանում, բայց պետք է ավելի արագ արձագանքել։ Հայաստանում այսօր կա 200-ից ավել դեպք, իսկ Վրաստանում 67»:

Այվազյանը նաև ընդգծեց, որ վրացական հեռուստաընկերությունները և մյուս լրատվամիջոցները ավելի մեծ տեղ են հատկացնում կորոնավիրուսի խնդրին եւ հասարակությանը կոչ անում տներից դուրս չգալ։ Արդյունքում Երեւանի փողոցներում շատ ավելի մարդ կա, քան Թբիլիսիի փողոցներում «Այստեղ հասրակությունը կարծես ավելի լուրջ է վերաբերվում իշխանությունների կոչին, քան Հայաստանում։ Այս վիրուսը իրեն շատ տարօրինակ է պահում եւ տարբեր երկրներում տարբեր է վիրուսից մահացությունը, սակայն Հայատանի եւ Վրաստանի նման փոքր եւ աղքատ երկրները չունեն այդքան զարգացած առողջապահական համակարգ եւ եթե մեր հասարակությունները իրենց միասնական ջանքերով չփորձեն կանխարգելել այս աղետը, ապա դժվար կլինի կախատեսել՝ ինչ հետեւանքներ կունենա այս ամենը։ Եվրոպական մի շարք երկրներում առողջապահության համակարգը չի դիմանում ստեղծված իրավիճակի ծանրությանը և հազարավոր մարդիկ են մահանում։ Նման աղետ մեր երկրներում թույլ չտալու գործում ոչ միայն պետությունը անելիք ունի, այլեւ հասարակությունը»,-ասաց նա։

Աղբյուր`ArmDaily.am