Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը քննարկել են տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հեռանկարները

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի նիստը Մոսկվայում ավարտվել է, հայտնում է ՀՀ կառավարությունը:

Սա եռակողմ աշխատանքային խմբի 8-րդ նիստի առաջին մասն էր, որի ընթացքում դիտարկվել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հեռանկարները, և քննարկվել է Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի նախագահի և Ադրբեջանի նախագահի հունվարի 11-ի հայտարարության շրջանակներում իրականացվող աշխատանքի հետագա ընթացքը, ասված է հաղորդագրությունում, որը տարածել են նաև Ռուսաստանի ու Ադրբեջանի կառավարությունները։

Մհեր Գրիգորյանը, Ալեքսեյ Օվերչուկն ու Շահին Մուստաֆաևը պայմանավորվել են մոտակա ժամանակներում անցկացնել 8-րդ նիստի երկրորդ մասը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն է անդրադարձել այս հանդիպմանը` շեշտելով, թե այնտեղ ներկայացվելու է իրենց մոտեցումը. «Զանգելանում կստեղծվի ժամանակակից լոգիստիկ և տրանսպորտային կենտրոն, ներառյալ բեռնատար և մարդատար ինքնաթիռների թռիչքները, երկաթուղային հանգույցի և մայրուղիների կառուցում», — ասել է նա: Ալիևի խոսքով` Զանգելանը շուտով կդառնա երկրի տրանսպորտային և լոգիստիկ կենտրոն:

Նշենք, որ հայաստանյան իշխանություններն, այդ թվում՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, պնդում են, թե միջանցքի հարց ընդհանրապես չի քննարկվում։

Եռակողմ աշխատանքային խումբ ստեղծելու մասին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել էին այս տարվա հունվարին։ Թե տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումից բացի ուրիշ ինչ հարցեր են քննարկում երեք երկրների փոխվարչապետերը, հայտնի չէ։ Երեկ Մհեր Գրիգորյանը խոսել էր նաև սահմանազատման մասին՝ հավելելով, թե այս աշխատանքները սկսելու համար անհրաժեշտ է նախ ուսումնասիրել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վերաբերող բոլոր երկկողմ և միջազգային փաստաթղթերը։

Մհեր Գրիգորյանը նաև ասել էր, որ աշխատանքային խումբն ունի որոշակի պատկերացումներ երկաթուղու մասով, նույնիսկ նախնական պայմանավորվածություններ առ այն, որ կարգավորումներն ապաշրջափակման հետ կապված իրականացվելու են ԱՊՀ երկրների իրավական բազայի կարգավորումների շրջանակներում։

Այսօրվա նիստի նախօրեին Հայաստանի փոխվարչապետն ասել էր, թե եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում քննարկում են խորհրդային տարիներին գործող բոլոր երկաթգծերի վերականգնումը՝ չհստակեցնելով, թե դրանցից որ մեկի վերագործարկումն է առաջնային այսօրվա օրակարգում։