Սոչի քաղաքում մեկնարկել է Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի և Իհլամ Ալիևի եռակողմ ձևաչափով հանդիպումը:
ՌԴ ղեկավարն իր խոսքում նշեց, որ երեք պետությունները դարեր շարունակ միասին են եղել՝ որպես մեկ միասնական պետության մաս:
«Մենք ունենք շատ խոր պատմական կապեր, և չէինք ցանկանա, որ դրանք փլուզվեն։ Ընդհակառակը, մենք պետք է ձգտենք վերականգնել դրանք»,- ասել է Պուտինը։
ՌԴ նախագահի խոսքով՝ ԼՂ-ում լայնածավալ ռազմական գործողություններ այս պահին չեն իրականացվում, և դա վկայում է այն մասին, որ շատ բան է արվել տարածաշրջանում իրավիճակի կարգավորման ուղղությամբ:
«Իսկապես, այս ընթացքում շատ բան է արվել: Ցավոք, դեռ ոչ բոլոր հարցերն են լուծվել: Ես տեղյակ եմ սահմանին տեղի ունեցած միջադեպերի մասին, երբ երկու կողմից մարդիկ են զոհվում և վիրավորվում»,- հայտարարեց նա։
Եռակողմ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական դերակատարությունն ու ՌԴ-ի դերակատարությունը մեծ է ռազմական գործողությունների դադարեցման հարցում։
«Ակնհայտ է, որ ՌԴ-ն ու ռուս խաղաղապահներն առանցքային դերակատարություն ունեն ԼՂ-ում խաղաղության ու տարածաշրջանում իրավիճակի կայունացման հարցում։ Բայց պետք է նշեմ, որ իրավիճակն այնքան կայուն չէ, որքան կցանկանայինք»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ անցյալ տարի նոյեմբերից հետո տասնյակ մարդիկ են զոհվել երկու կողմից էլ։
Դիմելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ իրենք անձնական հանդիպումների և հեռախոսազրույցների ընթացքում բազմիցս քննարկել են Բաքվում պահվող հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց խնդիրը: «Բայց ես ուզում եմ ասել, որ մենք այսօր հավաքվել են ոչ թե որպեսզի միայն բարձրաձայնենք խնդիրները, այլև քննարկենք դրանց լուծման հարցը»,- նկատեց ՀՀ կառավարության ղեկավարը:
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացին: «Տրանսպորտային և տնտեսական հաղորդակցության ապաշրջափակման թեման նույնպես շատ կարևոր է, և Հայաստանն անկեղծորեն շահագրգռված է այդ հարցերը լուծելու համար»,- ասաց Փաշինյանը և շեշտեց, որ ԼՂ կարգավորումը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:
Վարչապետը նաև շեշտեց՝ հայկական կողմի գնահատականն այն է, որ ադրբեջանական զորքերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք: «Մեր գնահատականն այն է, որ ադրբեջանական զորքերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք։ Հայ-ադրբեջանական սահմանին թեև դեմարկացիա և դելիմիտացա չի արվել, բայց երկու երկրների միջև պետական սահման գոյություն ունի»:
Իլհամ Ալիևն էլ իր հերթին ասաց՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում իրավիճակը կայուն է, չեն եղել լուրջ դեպքեր, չեն եղել մտածված սադրանքներ։
«Կարծում եմ՝ սա կարևոր թեմաներից մեկն է, որը դեռ չի իրականացվել, քանի որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերը գործնականում բոլորն իրականացվել են»,- ասաց Ալիևը՝ նշելով, որ կքննարկվի նաև սահմանագծման ու սահմանազատման հարցը, որի հարցում կարևորում է կրկին Ռուսաստանի խորհրդատվական դերը։
Իլհամ Ալիևն ասաց՝ իրենք հայտարարել են, որ պատրաստ են սկսել սահմանագծման ու սահմանազատման գործընթացը։ Նա նաև նշեց, որ հրապարակայնորեն հայկական կողմին առաջարկել են խաղաղության համաձայնագրի աշխատանքներն սկսել, որ կրկին սովորեն ապրել ինչպես հարևաններ։