Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը կլինի Ռուբեն Ռուբինյանը

Ի պատասխան ԶԼՄ-ների հարցերի՝ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հայտնել է, որ Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը կլինի ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։

Հիշեցնենք՝ օրեր առաջ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարեց, որ հարաբերությունները կարգավորելու նպատակով Թուրքիան և Հայաստանը փոխադարձաբար ներկայացուցիչներ են նշանակելու։

Չավուշօղլուն ասել էր, որ «Կովկասում եղբայր Ադրբեջանի հետ միասին տարածաշրջանային խաղաղության և բարօրության կերտման համար ինտենսիվ դիվանագիտություն են վարում»։ Նա նաև հայտնել էր, որ առաջիկայում Թուրքիան Հայաստանի հետ սկսելու է Երևան-Ստամբուլ չարթերային թռիչքներ իրականացնել։

Թուրքիայի արտգործնախարարի այս հայտարարություններին արձագանքել էր ՀՀ արտաքին գործերի նախարարությունը՝ նշելով, որ ինչպես նախկինում միշտ, այնպես էլ այժմ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացին, ինչն արձանագրված է ՀՀ կառավարության ծրագրում։ ՀՀ-ն դրական է գնահատում Թուրքիայի՝ ԱԳ նախարարի՝ հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին հայտարարությունը և հաստատում, որ հայկական կողմը ևս երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի։

Հիշեցնենք՝ հարաբերությունների կարգավորման հարցով Անկարայի հատուկ ներկայացուցիչ էլ ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչն է նշանակվել:

Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, երկու երկրների սահմանը փակ է 1993 թվականից՝ Անկարայի նախաձեռնությամբ։ Երկրների միջև բարդ հարաբերությունների պատճառ են մի շարք հանգամանքներ, որոնք վերաբերում են մասնավորապես Ղարաբաղի հարցում ադրբեջանական դիրքորոշմանն Անկարայի աջակցությանը և 1915թ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին՝ Թուրքիայի սուր արձագանքին։

Աղբյուր` armtimes.com