Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ մի խումբ ադրբեջանցիներ զվարճացել են հայերին ծաղրող երաժշտության ներքո, վրացահայերը սպասում են իրավապահների արձագանքին

«Տիկ-տոկ»-ում և սոցիալական այլ ցանցերում տեսանյութ է տարածվել, թե ինչպես են Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ մի խումբ ադրբեջանցիներ Ամանորի առիթով հայերին ծաղրող երաժշտություն միացրել և զվարճանում։ Տեսանյութը տարածել են հենց ադրբեջանցիները:

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոնի տնօրեն, քաղաքական վերլուծաբան Էդուարդ Այվազյանը Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց, որ, բնականաբար, եթե այդ պահին խորհրդարանի կողքով հայեր անցնեին, հատկապես, եթե ջավախահայեր լինեին՝ հաշվի առնելով նրանց տաքարյուն լինելը, հաստատ ծեծկռտուք կլիներ։ «Ընդհանրապես, վերջին շրջանում ու հատկապես պատերազմից հետո որոշ ադրբեջանական շրջանակներ շատ ակտիվ սադրանքներ են իրականացնում Վրաստանում հայերի նկատմամբ»։

Նա հիշեցրեց ամռանը Բաթումիում տեղի ունեցած դանակահարության դեպքը, երբ մի խումբ չափահաս ադրբեջանցիներ ազգային հողի վրա հարձակվել էին Ախալքալաքից դպրոցական պատանիների վրա ու դանակահարել։ «Նման սադրանքներ եղել են նաև ադրբեջանական շրջաններում, երբ հակահայկական ցույցից հետո հայի էին ծեծի ենթարկել:  Սա ամենևին չի նշանակում, որ այստեղի հայերը վախենում են նման ագրեսիվ դրսևորումներից։ Ավելին՝ Ջավախքի հայերը ոչ միայն չեն վախենում այլև կարող են նմանատիպ սադրանքներ իրականացնողներին պատժի ենթարկել՝ ինչպես Թբիլիսիում, այնպես էլ հենց իրենց բնակության շրջաններում, եթե դրա անհրաժեշտությունը լինի: Պարզապես ջավախահայերը միշտ խուսափում են և չեն ցանկանում լարվածության օջախ ստեղծել Վրաստանում և այստեղ տեղափոխել հայ-ադրբեջանական կոնֆլիկտը։ Այդ պատճառով դեռևս մեր ժողովուրդը համբերատար սպասում է Վրաստանի իրավապահների գնահատականին: Թեև նախկին օրինակներն աչքի առաջ ունենալով՝ կարող ենք ասել, որ հազիվ թե այդ արձագանքը համարժեք և ադեկվատ լինի: Նման հոռետեսության պատճառը հենց Բաթումիում տեղի ունեցած դեպքին Վրաստանի իրավապահների արձագանքն է: Դպրոցական հայ պատանու դանակահարության դեպքից հետո մենք բազմիցս հետաքրքրվել ենք, թե իրավապահներն ինչ քայլեր են ձեռնարկել, բայց մեր լրատվամիջոցին ու ոչ միայն մեզ, իրավապահ համակարգը խուսափում է որևէ տեղեկություն տրամադրել ու անդրադառնալ այդ հարցին»:

Այվազյանն ընդգծեց, որ ընդհանուր առմամբ՝ Վրաստանում ադրբեջանական համայնքը հիմնականում իրեն զուսպ է պահում: «Չեմ կարող ասել, որ լարված ու վատ հարաբերություններ կան հայ և ադրբեջանական համայնքների միջև, սակայն կան շրջանակներ, հատկապես, Ադրբեջանի, հնարավոր է նաև ադրբեջանական դեսպանատան հետ կա ունեցող շրջանակներն են, որոնք նման լարվածություն և սադրանքներ են իրականացնում: Կարծում եմ, լարվածության խորացում թույլ չտալու հարցում հենց Վրաստանի իշխանություններն անելիք ունեն: Վրաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ թույլ չեն տալու, որ հայ-ադրբեջանական  կոնֆլիկտը տեղափոխվի Վրաստան: Կարծում եմ, հիմա գործնական քայլեր անելու ճիշտ ժամանակն է , հայտնաբերելու այդ սադրիչներին ու նրանց պատժի ենթարկելու»: