Երևանը հաստատեց 8 գերիների վերադարձը՝ հրապարակելով անունները

Պաշտոնական Երևանը հաստատեց Ադրբեջանից 8 գերիների վերադարձի փաստը՝ հրապարակելով նրանց անուն-ազգանունները․

Տարզյան Սարգիս

Բալայան Վարդգես

Պետրոսյան Արմեն

Բաբայան Արթուր

Սարգսյան Հմայակ

Գալոյան Գուրգեն

Կյուրեղյան Գրիգոր

Մալոյան Վաղարշակ

Հայաստանի արտաքին գաղաքական գերատեսչությունը շեշտում է, որ 8 հայ ռազմագերիների վերադարձը հայրենիք տեղի է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ՝ փետրվարի 4-ին տեղի ունեցած հեռավար հանդիպման արդյունքներով։

«Եվրոպական միության խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ակտիվ միջնորդությամբ այսօր՝ 2022 թվականի փետրվարի 7-ին, ևս ութ հայ զինծառայողներ ազատ են արձակվել և ապահով ժամանել են Երևան», — իր հերթին հաղորդում է Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը։

Ավելի վաղ Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովը հայտնել էր, որ Ադրբեջանը Հայաստան է վերադարձրել ևս 8 հայ զինվորների՝ նշելով, որ նրանց թվում կան նաև 2021 թվականի նոյեմբերի 16-ի իրադարձությունների ժամանակ ձերբակալվածներ։
Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը Թվիթերում գրել է․ — «Ադրբեջանի կողմից 8 հայ ձերբակալվածների ազատ արձակումն ու հայրենադարձումը Ֆրանսիայի, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի հետ հանդիպմանս հաջորդած դրական զարգացումների ևս մեկ նշան է։ Եվրամիությունը սատարում է կայունությունը և բարգավաճումը տարածաշրջանում»։