Սուրբ Սարգսի տոնին հայ երիտասարդները ոտքով այցելում են Սազել գյուղում կառուցված Սուրբ Սարգսի մատուռ

Այսօր Հայ Առաքելական եկեղեցու հետևորդները նշում են Սուրբ Սարգսի տոնը: Սամցխե Ջավախքի Մեդիա վերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանն ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ Ջավախքում ևս անհամբերությամբ են սպասում այս տոնին:

«Սամցխե-Ջավախքի շրջանում այս եկեղեցական տոնը ամենասիրված տոներից մեկն է։ Տոնի հետ բազմաթիվ ավանդություններ են կապված։ Հատկապես երիտասարդները շատ են պահում այս տոնի հետ կապված ավանդույթները»,-ասաց Այվազյանը:

Նա պատմեց, որ Ախալցխայում ավանդույթ կա, երբ երիտասարդները ծոմապահությունից հետո մեծ խմբերով Սբ. Սարգսի տոնին ոտքով կտրում են մոտ 5 կիլոմետր հեռավորություն՝ բարձրանալով Սազել գյուղում կառուցված Սբ. Սարգսի մատուռ։

«Այս օրը մեր շրջանում մշտապես սիրո խոստովանությունների եւ քեֆ-ուրախության առիթ է դառնում»,- նշում է Այվազյանը:

Հ.Գ. Ս. Սարգիս Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդություն է: Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն դիմում են սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված: Ս. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Այդ օրվա հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին և սպասել Ս. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին:

Ըստ ավանդույթի` Ս. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի, և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի մաքրություն, անաղարտություն խորհրդանշող իր սպիտակ ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա տվյալ հավատացյալի երազանքը: Երիտասարդները տոնի առթիվ միմյանց բացիկներ և քաղցրավենիք են նվիրում: Տոնի օրը Ս. Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ, որից հետո կատարվում է երիտասարդների օրհնության կարգ:

Աղբյուր՝ ArmDaily.am