Հայ-Վրացական բարձր մակարդակի հարաբերությունները պետք է օգնեն Վրաստանին իր մեջ ուժ գտնել եւ մերժել Ադրբեջանին ու Թուրքիային ընդդեմ իր կամքի ու շահերի աջակցելու պարտադրանքին

Մարտի 29-ին աշխատանքային այցով Թբիլիսի էր ժամանել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ով հանդիպում էր ունեցել Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ, ինչպես նաեւ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլլիի հետ։

Հանդիպման պաշտոնական հաղորդագրության մեջ գրեթե ոչինչ նոր չկա եւ հիմնականում հանդիպումների ընթացքում խոսվել է հայ-վրացական բարեկամական փոխգործակցությանը առնչվող հարցերի շուրջ։

Այս հանդիպումներում թերեւս կարեւորը այն է, որ ՀՀ ԱԳՆ նախարարի այցը ընթանում է հենց այն ժամանակ, երբ ադրբեջանական սադրանքները Արցախում նոր պատերազմական ռիսկեր են առաջացրել Արցախի, Հայաստանի եւ ողջ տարածաշրջանի համար։ Այս իմաստով տրամաբանական է, որ Արարատ Միրզոյանը հանդիպման հիմնական շեշտը կատարել է ադրբեջանական ագրեսիվ գործողությունների վրա։ Նախարարը անդրադարձել է ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների կողմից Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղ ներխուժմանը, Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ շարունակական հոգեբանական ճնշումների իրականացմանը և հումանիտար ճգնաժամի ստեղծմանն ուղղված գործողություններին։

Ընդգծվել է ադրբեջանական ստորաբաժանումների՝ մարտի 23-ի ելման դիրքեր վերադարձի և 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հատատված հրադադարի ռեժիմի լիակատար պահպանման անհրաժեշտությունը։

Հայաստանի արտգործնախարարը ներկայացրել է նաև հայկական կողմի դիրքորոշումը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ՝ այդ համատեքստում ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական դերը: Այս ամենի հետ մեկտեղ ՀՀ ԱԳ նախարարը գործընկերոջն է ներկայացրել նաև Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների առանց նախապայմանների կարգավորման գործընթացը:

Վրաստանի ԱԳՆ մամլո հաղորդագրության համաձայն, ԱԳՆ նախարարների զրույցի ընթացքում քննարկվել է Հարավային Կովկասում կայուն խաղաղություն և կայունություն ապահովելու Վրաստանի վարչապետի նախաձեռնությունը։ Դավիթ Զալկալիանին իր հայ գործընկերոջը ներկայացրել է Վրաստանի օկուպացված շրջաններում տիրող մարդասիրական և անվտանգության ծանր միջավայրը։

Վրաստանի կառավարության վարչակազմում ՀՀ ԱԳՆ նախարարին է ընդունել  նաեւ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիին։ Հայ-վրացական դարավոր բարեկամության մասին ավանդական խոսակցություններից հետ հանդիպմանը քննարկվել է տարածաշրջանում տիրող իրավիճակը։ Ուշադրություն է դարձվել Վրաստանի վարչապետի նախաձեռնած «Խաղաղ հարեւանության նախաձեռնությանը», որի նպատակն է հաստատել երկխոսության ձևաչափ։ Ընդգծվել է, որ Վրաստանը մշտապես աջակցել է Հարավային Կովկասում խաղաղ համագործակցությանն ու համակեցությանը և պատրաստ է նպաստել տարածաշրջանային երկխոսությանը։

Հարկ է նաեւ նշել, որ այս հանդիպումները ընթանում են ոչ միայն հայ-ադրբեջանական լարվածության ֆոնին, այլ նաեւ ռուս-ուկրաինական պատերազմական գործողությունների ժամանակաշրջանում, երբ Ուկրաինայից հնչում են տարբեր տեսակի սադրիչ հայտարարություններ՝ Վրաստանը ու Ադրբեջանը պատերազմի մեջ ներքաշելու նպատակով։

Հիշեցնենք, որ Վրաստանում չաջակցեցին Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսի Դանիլովի այն հայտարարությանը, որով նա Վրաստանին կոչ էր արել զենքի ուժով վերադարձնել իր տարածքները։ Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի ղեկավար Ալեքսի Դանիլովը օրեր առաջ հայտարարել էր, որ այլ երկրների տարածքում ռուսական շահերի ոլորտում լրացուցիչ ճակատների բացումը մեծապես կօգնի Ուկրաինային պայքարել ռուսական հարձակման դեմ։ Դանիլովը որպես «երկրորդ ճակատ» բացելու օրինակ բերեց Վրաստանը, Ղարաբաղը, Կուրիլյան կղզիները և Կալինինգրադի շրջանը։ Վրաստանի իշխող կուսակցությունից խորհրդարանի պատգամավոր Միխայիլ Սարջվելաձեն ի պատասխան ասաց, որ Դանիլովի արտահայտությունը «տհաճ տպավորություն է թողել»։ «Իրականում դա օգնություն կամ թեթևացում չի լինի Ուկրաինայի համար։

«Վրացական երազանք»-ի մեկ այլ պատգամավոր՝ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն կասկածում է, որ Դանիլովը նման հայտարարություն է արել։ «Հուսով եմ, որ սա սուտ է։ Ուկրաինայի Անվտանգության խորհրդի քարտուղարը կոչ է անում Վրաստանին և մյուսներին հրաժարվել տարածքային ամբողջականության խաղաղ վերականգնման քաղաքականությունից՝ բացելով մեր քաղաքների ու գյուղերի կործանման երկրորդ ճակատը, որպեսզի զոհվեն նաև վրացի կանայք և երեխաները»։

Այս հայտարարություններից եւ Վրաստանի զգուշավոր քաղաքականությունից ընդդեմ Ռուսաստանի վերջին շրջանում խոսում են բոլորը։ Վրաստանը հրաժարվեց ՌԴ-ի դեմ մտցնել նոր սահմանափակումներ, պնդելով, որ դրանք առաջին հերթին կհարվածեն Վրաստանի շահերին։ Հարկ է նշել, որ Վրաստանը 2008 թվականի պատերազմից հետ չունի դիվանագիտական հարաբերություններ ՌԴ-ի հետ ու այն ժամանակվանից բազմաթիվ պատժամիջոցներ է երկիրը կիրառել ընդդեմ ՌԴ-ի, որոնք մինչ օրս ուժի մեջ են, սակայն լարվածության այս փուլում Վրաստանը փորձում է զգուշավոր քաղաքականություն վարել ընդդեմ ՌԴ-ի։

Վերադառնալով հայ-վրացական հարաբերություններին եւ միջազգային ասպարեզում տեղի ունեցող իրադարձություններին, կարելի է փաստել, որ Վրաստանի ու Հայաստանի շահերը տարածաշրջանում շատ հարցերի շուրջ համընկնում են։ Վրաստանը նախկինի պես չի վարում չափազանց ագրեսիվ քաղաքականություն ընդդեմ ՌԴ-ի, իսկ Հայաստանը վերջին տարիների ընթացքում դարձել է ավելի ազատ ու ժողովրդավար երկիր, որը պատրաստ է թափանցիկ հարաբերություններ ունենալ Վրաստանի հետ առանց որևէ դավադրության մտքի, եթե նման կերպ վարվի նաեւ Վրաստանը։ Վրաստանի եւ Հայաստանի տեսակետները համընկնում են նաեւ այն հարցում, որ տարածաշրջանում պետք է բացել խաղաղության դարաշրջան։ Վրաստանը վաղուց հրաժարվել է ռազմական սցենարով լուծելու մտքից իր տարածքային խնդիրները եւ տարածաշրջանում ոչ մեկին չի խրախուսում վարվել նման կերպ։ Ավելին, Վրաստանում պնդում են, որ եթե նույնիսկ համոզված լինեն, որ ռազմական ճանապարհով կարող են լուծել տվյալ խնդիրները, միեւնույն է չեն գնա տվյալ ճանապարհով։

Ահա եւ այն բոլոր կետերը, որոնց շուրջ համընկնում են Վրաստանի եւ Հայաստանի տեսակետները, սակայն այստեղ մեկ լուրջ խնդիր ու խոչընդոտ գոյություն ունի հայ-վրացական հարաբերությունների զարգացման եւ նույնիսկ պահպանման համար։ Խնդիրը նրանում է, որ Թուրքիան ու Ադրբեջանը Վրաստանի ռազմավարական գործընկերներն են ու չնայած նրան, որ Վրաստանը դեմ է տարածաշրջանում ռազմական էսկալացիաների ու փորձում է միջնորդի ակտիվ դեր ստանձնել, Թուրքիան ու Ադրբեջանը ամեն կերպ փորձում են Վրաստանը ներքաշել հայ-ադրբեջանական կոնֆլիկտի մեջ։ Դրա մասին է վկայում նաեւ այն բազմաթիվ վկայությունները, որ 44-օրյա արցախյան պատերազմի ժամանակ Թուրքիան Վրաստանի տարածքով՝ օդով եւ ցամաքով ռազմական նշանակության բեռներ էր տեղափոխում դեպի Ադրբեջան։ Չնայած նրան, որ Վրաստանը բազմիցս հերքեց նման փաստի առկայությունը, սակայն կարծես ոչ մեկի մոտ կասկած չի առաջացնում, որ նման բան գոյություն է ունեցել։ Եւ նույնիսկ հիմա եւս կան նման կարծիքներ, որ Արցախյան այս վերջին սրացումից առաջ կրկին Թուրքիայից դեպի ադրբեջան են գնում պայթուցիկով բեռնված բեռնատարներ։

Եւ այս փաստերի համադրմամբ մենք թերեւս մոտեցանք ՀՀ ԱԳՆ ղեկավարի այցի գլխավոր նպատակին։ Եթե Վրաստանը իրոք դեմ է ռուս-ուկրաինական պատերազմին, եթե Վրաստանը իրոք չի ցանկանում իր տարածքային խնդիրները լուծել ուժային տարբերակով եւ եթե Վրաստանը չի ցանկանում, որ ռուս-ուկրաինական պատերազմը հասնի նաեւ մեր տարածաշրջանին, ապա ինչու չպետք է կարողանա իր մեջ ուժ գտնել եւ մերժել Ադրբեջանին ու Թուրքիային ընդդեմ իր կամքի ու շահերի աջակցելու պարտադրանքից։  Կարծում եմ ՀՀ ԱԳՆ նախարարի այցը Վրաստանի համար օգտակար կլինի այս խնդիրները առավել պարզ գիտակցելու գործում եւ կօգնի Վրաստանին ավելի ակտիվ ներգրավել հարեւանների միջեւ խնդիրների կարգավորման կարեւորագույն գործին, որին ընդունակ է Վրաստանի դիվանագիտությունը։

 

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոն

Էդուարդ Այվազյան