Ընդդիմությունը ոչ թե պաշտպանում է Արցախը, այլ սադրում է, ավելի սրում Արցախի և հայության անվտանգային խնդիրները. Կոնջորյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն Ազգային ժողովի ամբիոնից անդրադարձավ ընդդիմության՝ ԱԺ նիստը բոյկոտելուն:

Կոնջորյանի համոզմամբ՝ ընդդիմությունն Ազգային ժողովում փորձում էր ամեն կերպ արժեզրկել խորհրդարանը, պարալիզացնել Ազգային ժողովը:

«Հավանաբար համարում են, որ իրենց առջև դրված խնդիրն այստեղի խրամատում լուծել են և հիմա մեկնում են Արցախ՝ հավանաբար նորից խրամատավորվելու, ամենայն հավանականությամբ, նորից խրամատավորվելու՝ ընդդեմ Հայաստանի իշխանությունների, Հայաստանի ժողովրդի: Այլ կերպ ես չեմ կարող դա մեկնաբանել»,- ասաց Կոնջորյանը:

Ընդդիմադիրներն Ազգային ժողովի նիստի մեկնարկին Արցախի դրոշն էին տեղադրել ամբիոնին:

Կոնջորյանի խոսքով՝ ընդդիմությունն Արցախի դրոշը պետք է տեղադրի, Արցախի շահերը պաշտպանի այնտեղ, որտեղ դրա կարիքը կա:

«Տրամաբանությունը, երբ Արցախի դրոշը դեմոնստրատիվ տեղադրվում է Հայաստանում ընդդեմ որևէ մեկի, ես չեմ հասկանում: Արցախի դրոշը և Արցախը բոլորիս մտքերում ու սրտերում է: Մեր ժողովուրդը հանուն Արցախի զոհել է իր լավագույն զավակներին:

Արցախի դրոշը տեղադրելը և Արցախի շահերը պաշտպանելը լավագույնս պիտի ընդդիմությունը կատարի այնտեղ, որտեղ կարիք կա հանրայնացնելու Արցախի և Արցախի մեր հայրենակիցների իրավունքների և ազատությունների մասին հարցը:

Իսկ ի՞նչ է անում այն նույն ընդդիմությունը, բոլոր միջխորհրդարանական հարթակներում, որտեղ իրենք պետք է գան և Արցախի, արցախցու իրավունքներն ու շահերը պաշտպանեն, ասել է թե՝ Արցախի դրոշն այնտեղ վեր հանեն՝ ի ցույց աշխարհի, նրանք չեն գալիս, բոյկոտում են, միջխորհրդարանական հարթակներում ընդդեմ ադրբեջանցիների չեն գալիս, չեն խոսում, բոյկոտում են, հետո գալիս են, Արցախի դրոշը կարծես թե ընդդեմ մեզ տեղադրում են Հայաստանում»,- ասաց Կոնջորյանը:

Ըստ Կոնջորյանի՝ խորհրդարանական ընդդիմությունն իր այս քայլով ոչ թե պաշտպանում է Արցախը, այլ սադրում է, ավելի է սրում Արցախի և հայության անվտանգային խնդիրները: