Պուտինի հետ բանակցությունները լավատեսություն չեն ներշնչում. Ավստրիայի կանցլեր

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերի՝ նախօրեին տեղի ունեցած հանդիպումը երկար չի տևել՝ հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Նեհամերը, իր հերթին, նշել է, որ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները լավատեսություն չեն ներշնչում Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցման տեսանկյունից։ Կանցլերը նաև ՌԴ նախագահին է փոխանցել Վոլոդիմիր Զելենսկու՝ նրա հետ ուղիղ բանակցություններ վարելու ցանկությունը։

Երկու երկրի ղեկավարների հանդիպումն անցկացվել է Մոսկվայում՝ փակ դռների հետևում, մամուլի ասուլիս հրավիրված չի եղել: Ավստրիայի կանցլերը հայտարարել է, որ զրույցը շատ կոշտ էր, միևնույն ժամանակ՝ բաց և ուղիղ։