Հայոց Ցեղասպանության հիշատակին նվիրված միջոցառում ԱԵԿ֊ում

Այսօր՝ ապրիլի 23֊ին Ախալքալաքի երիտասարդական կրթամշակութային կենտրոնում տեղի ունեցավ գեղարվեստական միջոցառում՝ նվիրված Մեծ Եղեռնի 107 ամյա տարելիցին։

Միջոցառման ընթացքում ԱԵԿ֊ի սաները հանդես եկան պարային բեմականացումներով, երգով, ասմունքով եւ արձակ խոսքով։

Ախալքալաքի երիտասարդական կրթամշակութային  կենտրոնի հայ գրականության ուսուցչուհի Արևիկ Ղազարյանը մեզ հետ զրույցում նշեց.

«Այսպիսի միջոցառումները երիտասարդների համար նաև ուսուցողական բնույթ են կրում։ Բոլորիս պարտքն է վառ պահել մեր անմեղ նահատակների հիշատակը եւ մեր առաքելությունն է նաև սերնդին հաղորդակից դարձնել հայոց պատմությանն ու մշակույթին»։

Միջոցառմանը ներկա էին կենտրոնի մանկավարժները, սաները եւ այլ հյուրեր։

Նշենք, որ Ախալքալաքի երիտասարդական կրթամշակութային կենտրոնում  Ցեղասպանության թեմայով նաև դասախոսություն է անցկացվել։