«Ոչ ոք մեզանից ավելի ժողովրդավար ընտրություններ չի անցկացնում». Բիբիլովը դե ֆակտո ընտրությունների երկրորդ փուլում

Այսօր՝ մայիսի 8-ին, Հարավային Օսիայի դե ֆակտո հանրապետությունում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որում գործող փաստացի նախագահ Անատոլի Բիբիլովի մրցակիցը ընդդիմադիր թեկնածու Ալան Գագլոեւն է։

Միջադեպերից խուսափելու համար, ինչպես գրում է Res տեղական հրատարակությունը, բոլոր ընտրատեղամասերը հսկվում են ոստիկաններով։

Ընտրատեղամասը բաց է նաև Ախալգորիում, մի թաղամասում, որտեղ օսական անձնագիր ունեցողները քվեարկելու հնարավորություն ունեն։

Պաշտոնական տվյալներով՝ ընդհանուր առմամբ տպագրվել է 40 հազար քվեաթերթիկ, գրանցվել է 32 հազար ընտրող։

Ընտրությունների արդյունքները ճանաչելու համար քվեարկությանը պետք է մասնակցի ընտրողների 30%-ը։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ առավոտից ընտրատեղամասերում ակտիվությունը բարձր է։

Res հրատարակության տվյալներով՝ ընտրություններին հետեւելու են 25 ներկայացուցիչներ Ռուսաստանից, Աբխազիայից, Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ Ժողովրդական Հանրապետություններից։

Հարավային Օսիայում դե ֆակտո նախագահական ընտրությունների երկրորդ փուլի հաղթող կարող է դառնալ ընդդիմադիր «Նիխաս» կուսակցության առաջնորդ Ալան Գագլոեւը, ով ապրիլի 10-ի ընտրություններում ավելի շատ ձայն է հավաքել, քան գործող նախագահ Անատոլի Բիբիլովը։