Նշանակվել է Վրաստանի կառավարության վարչակազմի նոր ղեկավար

Մայիսի 10-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության աշխատակազմի նոր ղեկավար է նշանակել 46-ամյա Ռևազ Ջավելիձեին։

Ջավելիձեն այս պաշտոնում փոխարինել է Իլյա Դարչիաշվիլիին, ով  ապրիլի 4-ին նշանակվեց արտաքին գործերի նախարար։

Մինչ աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակվելը Ջավելիձեն, ով Տեխասի համալսարանի իրավաբանական դպրոցի շրջանավարտ է, եղել է կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ և կառավարության խորհրդարանական քարտուղար։

Մինչ այդ՝ 2018-2021 թվականներին, նա ղեկավարել է «Աճ» երիտասարդական ծրագիրը՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) նախագծում։ Նախկինում՝ 2015-2017 թվականներին, նա զբաղեցրել է Վրաստանի սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարարի պաշտոնը։ Նախքան փոխնախարար դառնալը Ջավելիձեն տարբեր պաշտոններ է զբաղեցրել մասնավոր հատվածում։