Մոտ ապագայում Փհենյանը կարող է նոր միջուկային փորձարկումներ անցկացնել. Նեդ Փրայս

Հյուսիսային Կորեան մայիսի 12-ին, ենթադրաբար, նոր բալիստիկ հրթիռ է արձակել՝ հայտնել են Ճապոնիայի առափնյա պահպանության ծառայությունից։ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսն էլ նշել է, որ հնարավոր է՝ մոտ ապագայում Փհենյանը նոր միջուկային փորձարկումներ անցկացնի:

Տարեսկզբից Փհենյանն իրականացրել է արդեն ավելի քան 10 հրթիռային փորձարկումներ, ներառյալ՝ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի նախատիպի փորձարկումները: Նախորդը տեղի էր ունեցել մայիսի 7-ին, երբ ԿԺԴՀ-ն սուզանավից բալիստիկ հրթիռ էր արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ:

Մայիսի սկզբին ԱՄՆ-ը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ է ներկայացրել ԿԺԴՀ-ի նկատմամբ նոր պատժամիջոցների մասին բանաձևի նախագիծն այս տարի ակտիվորեն իրականացվող փորձարկումների պատճառով: Ինչպես հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը, այդ փաստաթղթի շուրջ բանակցությունները մոտ են ավարտին: 

Միևնույն ժամանակ, Ռուսաստանն ու Չինաստանը մշակել են բանաձևի նախագիծ, որը նախատեսում է ԿԺԴՀ-ի նկատմամբ պատժամիջոցների մեղմացում: ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցչի խոսքով՝ ամերիկյան բանաձևի նոր նախագիծը սխալ մոտեցում է Կորեական թերակղզում իրադրության կարգավորման տեսանկյունից: