Հայկական կողմի համար հիմնարար է ԼՂ վերջնական կարգավիճակի որոշման հարցը. Մարուքյանը հրապարակել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման 6 կետերը

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում հրապարակել է խաղաղության պայմանագրի քննարկումների մեկնարկի համար անհրաժեշտ այն վեց կետերը, որոնք Հայաստանը ներկայացրել էր ի պատասխան Բաքվի առաջարկի:

Տեքստի բնագիրը ռուսերեն է, Էդմոն Մարուքյանը ներկայացրել է ոչ պաշտոնական թարգմանությունը:

  1. Առաջին կետում նշված է, որ մարտի 11-ին ստացվել է Ադրբեջանի առաջարկը։
  2. Հայաստանի Հանրապետությունը չի ունեցել և չունի տարածքային պահանջներ Ադրբեջանի Հանրապետության նկատմամբ:
  3. Հայկական կողմի համար հիմնարար են ԼՂ հայերի անվտանգության երաշխավորման, նրանց իրավունքների և ազատությունների հարգման, ինչպես նաև ԼՂ վերջնական կարգավիճակի որոշման հարցերը։
  4. Հայկական կողմը կարևոր է համարում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի 2020 թ. նոյեմբերի 9-ի, 2021 թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարություններում ամրագրված պարտավորությունները  (ռազմագերիների վերադարձը, կոմունիկացիաների բացումը):
  5. Հայկական կողմը պատրաստ է սկսել բանակցություններ խաղաղության, հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքելու Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման համար ՄԱԿ-ի կանոնադրության, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների  մասին միջազգային դաշնագրի և Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա։
  6. Համապատասխան բանակցությունների կազմակերպման համար հայկական կողմը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։