Ընտանիքի միջազգային օրը նշվեց Ախալքալաքում

Այսօր՝ մայիսի 15֊ին Ախալքալաքի կենտրոնական այգին մարդաշատ էր՝ նշվում էր ընտանիքի միջազգային տոնը։

Ախալքալաքի մանկապարտեզների, դպրոցների, տարբեր կրթական կենտրոնների սաներ ներկայանում էին մշակութային համարներով՝ կարևորելով ընտանիք ինստիտուտի դերը հասարակության կյանքում։

Գեղարվեստի դպրոցի սաները ընտանիք խորագրով նկարների ցուցահանդես էին կազմակերպել, ինչպես նաև տեղում  նկարում էին։  Ապագայի տան սաները ներկայացել էին դեկորատիվ աշխատանքների ցուցահանդեսով  եւ բեմական տարբեր համարներով, երաժշտական մասն ապահովում էին Ախալքալաքի մշակույթի տան հայկական եւ վրացական պարի խմբերը, Ախալքալաքի երաժշտական դպրոցը, իսկ օրվա կախարդանքն ապհովում էր Ախալքալաքի  «Պույ֊պույ»  տիկնիկային թատրոնը։

Ահա այսպես Ախալքալաքում նշվեց ընտանիքի միջազգային տոնը։ Օրվա կազմակերպիչները Ախալքալաքի քաղաքապետարանը եւ շրջանային ժողովն էին։ Ներկա էին նաև տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչներ։

«Ուրախ եմ, որ ընտանիքի միջազգային օրը մեր քաղաքում իսկական տոնի վերածվեց։ Փոքրիկների խինդն ու ժպիտը այստեղ ամենուր են, մեր ցանկությունն է, որ բոլորի ընտանիքներում սերը թեւածի, խաղաղ եւ երջանիկ լինեն»,֊ մեզ հետ զրույցում նշում է Ախալքալաքի քաղաքային վարչության ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ Սեդա Մելքումյանը։

Նշենք՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 1993թ.-ին կազմակերպության անդամ երկրներին կոչ է արել ամեն տարի մայիսի 15-ը որպես Ընտանիքի միջազգային օր տոնել։