Ֆուտբոլի հուշամրցաշար Բեժանո գյուղում

Մայիսի 11֊ից 14֊ը Ախալքալաքի մունիցիպալիտետի Բեժանո գյուղում տեղի ունեցավ ֆուտբոլի հուշամրցաշար, որին մասնակցեց 26 թիմ։

Մրցաշարը կազմակերպել էին Բեժանո գյուղի երիտասարդները՝ ի հիշատակ անժամանակ կյանքից հեռացած համագյուղացիների։

«Այս կերպ մեր խորին հարգանքն ու խոնարհումն ենք բերում մեր վաղամեռիկ համագյուղացիներին։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր մասնակիցներին, ովքեր ընդունեցին հրավերը եւ դիտարժան խաղեր պարգեւեցին, շնորհակալություն եմ հայտնում նաև մեր աջակիցներին»,֊ մեզ հետ զրույցում նշում է հուշամրցաշարի կազմակերպիչներից Վանիկ Վարդեւանյանը։

Ֆինանասական աջակցություն են ցուցաբերել ռուսաստանաբնակ բեժանոցիները։

Երեք օր տեւած մրցաշարի արդյունքում եզրափակչում մրցեցին Զակի, Մուրջախեթի եւ Բեժանոյի թիմերը, արդյունքում երրորդ հորիզոնականը բաժին հասավ Զակ գյուղի թիմին, երկրորդում հյուրընկալող Բեժանոյի թիմն էր, իսկ առաջին հորիզոնականը զբաղեցրեց Մուրջախեթ գյուղի թիմը։ Մուրջախեթցիները՝ ի նշան երախտիքի, գավաթը հանձնեցին հյուրընկալող կողմին՝ Բեժանոյի թիմին։

Խաղի ավարտին ներկաները ծաղիկներով այցելեցին գերեզմանոց, հարգանքի տուրք մատուցելու անժամանակ կյանքից հեռացած գյուղացիների հիշատակին։

Օրվա վերջում գյուղի միջոցառումների սրահում տեղի ունեցավ հյուրասիրություն։