ՀԱՊԿ-ն 2021 թ. մայիսին չարձագանքեց Ադրբեջանի ներխուժմանը Հայաստան. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների ղեկավարների գագաթնաժողովում։ Նա մատնանշել է կազմակերպության անգործությունը Հայաստանի տարածք ադրբեջանական զինված ուժերի ներխուժման ժամանակ, որը տեղի ունեցավ 2021 թվականի մայիսի 12-ին։

«Անցյալ տարի այս օրերին ադրբեջանական զորքերը ներխուժեցին Հայաստան, և Հայաստանը դիմեց ՀԱՊԿ-ին, սակայն, ցավոք, կազմակերպությունը չարձագանքեց այնպես, ինչպես Հայաստանի Հանրապետությունն էր ակնկալում»,- ասել է Փաշինյանը։ Նա նաև խոսել է ՀԱՊԿ երկրների կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին։

«Մեկ տարի առաջ մենք բարձրացրել ենք ՀԱՊԿ անդամ երկրների կողմից ոչ բարեկամ երկրին զենք վաճառելու հարցը, որն օգտագործվել է Հայաստանի դեմ»,- ասել է Փաշինյանը։

Խոսելով արցախյան հիմնախնդրի մասին՝ նա նշել է ՌԴ նախագահի դերը դրա կարգավորման գործում. «Ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի դերը Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը դադարեցնելու գործում»։

Միաժամանակ Փաշինյանն ընդգծել է, որ ՀԱՊԿ-ը եղել է, կա և կլինի Եվրասիական տարածաշրջանում անվտանգության ապահովման կարևորագույն գործոնը։