Ենս Ստոլտենբերգը Իրակլի Ղարիբաշվիլիին ընդունել է իր նստավայրում

 

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակներում, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ հանդիպել է վերջինիս նստավայրում։

Հանդիպմանը ևս մեկ անգամ ընդգծվել է Վրաստանի եվրաատլանտյան նկրտումները, ինչը հանդիսանում է երկրի արտաքին և անվտանգության քաղաքականության առաջնահերթությունը։

Կառավարության ղեկավարն ընդգծել է Վրաստանի սերտ համագործակցությունը Դաշինքի հետ եվրաատլանտյան ինտեգրման գործընթացում, որի արդյունքում Վրաստանն արդյունավետորեն օգտագործում է բոլոր գործնական գործիքներն անդամակցության ճանապարհին։

Հանդիպմանն ընդգծվել է ինչպես Դաշինքի, այնպես էլ գործընկեր երկրների ամուր աջակցությունն ու սերտ համագործակցությունը Վրաստանի եվրատլանտյան նկրտումների ուղղությամբ։ Դրական են գնահատվել դաշինքին ինտեգրվելու ճանապարհին Վրաստանի իրականացրած բարեփոխումները։

Գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը վերահաստատվել է Վրաստանի՝ որպես Դաշինքի ուժեղ և վստահելի գործընկերոջ դերը և նրա կարևոր ներդրումը համաշխարհային անվտանգության, ինչպես նաև Սևծովյան տարածաշրջանի անվտանգության ապահովման գործընթացում։

Հանդիպմանը կողմերը հույս են հայտնել, որ Վրաստանի առաջընթացն ու ձգտումները համարժեք կերպով կարտացոլվեն դաշինքի հետագա որոշումներում՝ ինչպես երկրի նկրտումներին քաղաքական աջակցության, այնպես էլ նրա գործնական կարողությունների ամրապնդման առումով։

Կողմերը քննարկել են նաև ՆԱՏՕ-ի Մադրիդյան գագաթնաժողովի նախապատրաստման հարցերն ու ակնկալիքները։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանի անվտանգության միջավայրին և Ուկրաինայի պատերազմին, ինչի վերաբերյալ վարչապետը վերահաստատել է վրաց ժողովրդի համերաշխությունը ուկրաինացի ժողովրդի նկատմամբ։

Դաշինքի գլխավոր քարտուղարը վերահաստատել է իր աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։

Վրաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել գլխավոր քարտուղարին անձնական ջանքերի և ՆԱՏՕ-ին ինտեգրվելու ճանապարհին Վրաստանի առաջընթացի գործում առանցքային դերակատարություն ունենալու համար։

Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի առաջին ալիքի կայքից։