Էրդողանն ու Ջոնսոնը քննարկել են Ուկրաինայից հացահատիկի մատակարարումների ապաշրջափակման հարցը

 Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայմանավորվել են համատեղ աշխատել Ուկրաինայից հացահատիկի մատակարարման ուղիներն ապաշրջափակելու ուղղությամբ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է Էրդողանի հետ բանակցություններից հետո Ջոնսոնի գրասենյակի տարածած հայտարարության մեջ:

 

«Վարչապետը ողջունել է Թուրքիայի առաջատար դերը [ուկրաինական] ճգնաժամի կարգավորման հարցում, նրանք պայմանավորվել են աշխատել միասին՝ բացելու ուկրաինական հացահատիկի պաշարների մատակարարման կենսական կարևորության ուղիները և թուլացնելու պարենի համաշխարհային գների աճը», — ասվում է հայտարարության մեջ:

 

Նշվում է, որ երկու քաղաքական գործիչները «արտահայտել են իրենց ընդհանուր խորը մտահոգությունը» Ուկրաինայում շարունակվող հակամարտության և «եվրաատլանտյան տարածաշրջանում անվտանգության ու կայունության վրա դրա հեռահար հետևանքների վերաբերյալ»:

 

Անդրադարձ է կատարվել նաև ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցին: Ջոնսոնը հույս է հայտնել, որ Թուրքիան կարճ ժամանակում կլուծի տարաձայնությունները դաշինքի անդամ դառնալ ցանկացող Ֆինլանդիայի ու Շվեդիայի հետ: