«Ուժեղ և կայուն Վրաստանի գոյությունը անմիջականորեն բխում է Հայաստանի անվտանգային շահերից». ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյան

2022 թվականը հայ-վրացական դիվանագիտական հարաբերություններում հոբելյանական է՝ նշվում է երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 ամյակը։ Թե՛ վրացական, թե հայկական կողմից մշտապես կարևորվում է դարավոր բարեկամական հարաբերությունների կայությունն ու հարատեւությունը։ Այս առթիվ զրուցել ենք ՀՀ ԱԺ պատգամավոր, ծնունդով Ջավախքից Շիրակ Թորոսյանի հետ։

Հայ-վրացական պաշտոնական փոխայցերը վերջերս ավելի հաճախակի են դարձել, ինչպե՞ս եք գնահատում երկու երկրների հարաբերությունները եւ ի՞նչ են տալու տարածաշրջանին  փոխայցերը։ 

Պաշտոնական հաճախակի փոխայցերը տարբեր մակարդակներում դրական ազդեցություն են թողնում երկկողմ հարաբերությունների վրա և էականորեն բարելավում դրանք։ Երկխոսությունը այն կարևոր հարթակն է, որտեղ ծնվում են փոխշահավետ ծրագրեր, ուրվագծվում են հարաբերությունների հեռանկարները և գնահատվում են շահեկան արդյունքները։ Այս առումով հատկապես շատ արդյունավետ են Հայաստանի և Վրաստանի բարձրագույն ղեկավարության փոխայցերը։  Հատկանշական է երկու վարչապետերի բավականին ինտենսիվ հանդիպումները: Վերջերս տեղի ունեցավ Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորած պատվիրակության այցը Երևան, որի ընթացքում շատ արդյունավետ քննարկումներ եղան երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ: Դրան հաջորդեց Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Վրաստան:

Խոսելով հայ-վրացական հարաբերությունների մասին, բացի դիվանագիտական ջերմ փոխահարաբերություններից, նկատելի է նաև հասարակական տարակարծությունը։ Ինչպես օրինակ՝ Արցախյան վերջին պատերազմի ժամանակ հասարակական բուռն արձագանքը Վրաստանի տարածքով Ադրբեջանին զենք մատակարարելու վերաբերյալ։ Դիվանագիտական հարաբերություններում նկատում ենք վրացական կողմի չեզոք դիրքը պատերազմին, սակայն ինչպե՞ս կգնահատեք հասարակական արձագանքը, որը թերևս մինչ օրս քննարկման առարկա է։

Արցախի հարցում Վրաստանը ցուցաբերում է հավասարակշիռ մոտեցում և 44-օրյա պատերազմից հետո էլ բազմիցս հանդես է եկել տարածաշրջանային խաղաղության և կայունության օրակարգի օգտին՝ առաջարկելով իր անշահախնդիր միջնորդությունը Հայաստանի և Ադրբեջանի հաշտեցման խնդրում։ Այս առումով հատկանշական էր Վրաստանի միջնորդությամբ Հայաստան վերադարձված մի խումբ գերիների փաստը։ Հայաստանն էլ իր հերթին հավասարակշիռ մոտեցում է ցուցաբերում Աբխազիայի և Հարավային Օսեթիայի հիմնախնդրին։ Այս հարցերը շատ զգայուն են հայ-վրացական փախհարաբերություններում՝ ելնելով երկու երկրների արտաքին քաղաքական կողմնորոշումների զգալի տարբերություններից և ազգային շահերից, սակայն ի պատիվ կողմերի, այս հարցում գտնվել է դիրքորոշումների փոխադարձ ընդունելի ոսկե միջինը, որպեսզի չխաթարվեն երկկողմ բարեկամական հարաբերությունները։

Արցախյան վերջին պատերազմի ժամանակ Վրաստանի տարածքով Ադրբեջանին զենք մատակարարելու փաստը, իսկապես, խիստ մտահոգիչ էր մեզ համար։ Այդ ամենը տեղի ունեցավ գլոբալ աշխարհաքաղաքական և տարածաշրջանային ոչ հայանպաստ իրողությունների միջավայրում՝ համաշխարհային ուժային կենտրոնների լուռ համաձայնության և անտարբերության պայմաններում։ Պետք է նշեմ, որ այս առումով մենք մեծ ծավալի աշխատանք պետք է տանենք Վրաստանի հետ, հատկապես, հաշվի առնելով Թուրքիայի և Ադրբեջանի տնտեսական զգալի ազդեցությունը Վրաստանում, որը երբեմն կարող է վերածվել քաղաքականի։

Այս տարի լրանում է Հայաստանի և Վրաստանի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Այս համատեքստում կազմակերպվող միջոցառումները և շփումները լրացուցիչ հնարավորություններ են ընձեռում հարաբերությունները խորացնելու համար։

Ինչպե՞ս կգնահատեք երկու երկրների տնտեսական հարաբերությունները։ Վերջերս աղմուկ բարձրացրած «Մածունի եւ Մացոնիի» սկանդալը հասարակության մեջ ավելի բուռն արձագանք գտավ, քան իրականում կատարվող կառուցողական աշխատանքները։ Հետաքրքիր է Ձեր կարծիքը եւ մեկնաբանությունը ինչպես առեւտրաշրջանառության, այնպես էլ ենթակառուցվածքային նախագծերի վերաբերյալ։

Հայաստանի և Վրաստանի տնտեսական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն։ Այսօրվա առկա վիճակը չի արտացոլում այն իրական պատկերը, որը կարող է լինել երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններում, չնայած, որ հարաճուն դինամիկան տեսանելի է։ Վրաստանը կարևորագույն նշանակություն ունի Հայաստանի համար որպես հիմնական տարանցման երկիր։ Հյուսիս-հարավ ծրագրի բարեհաջող գործարկման պարագայում Հայաստանը Վրաստանի համար կդառնա տարանցման կարևոր գործընկեր։ Մեծ ծավալի աշխատանքներ են կատարվել ու կատարվում հայ-վրացական սահմանային անցման կետերի արդիականացման, մաքսային ծառայությունների դյուրացման գործում։ Ակտիվորեն գործում է հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովը։ Խորանում է միջխորհրդարանական համագործակցությունը։ Այս ամենը նպաստում է ոչ միայն ապրանքաշրջանառության ծավալների մեծացմանը, այլև՝ քաղաքական երկխոսության ամրապնդմանը։ Հատկանշական է Վրաստանի կառավարության կողմից  Հայաստանի սահման-Ախալքալաք ճանապարհի կառուցումը 2019թ․-ին։ Այդ ենթակառուցվածքի բարելավումը ոչ միայն էական նշանակություն ունի Ջավախքի համար, այլև շատ կարևոր է Հայաստան-Վրաստան բեռնափոխադրումների և Վրաստանի տարածքով հայկական բեռների տարանցման տեսանկյունից:

Փաստ է, որ հայկական բիզնեսն ավելի շատ է ներկայացված Վրաստանի տնտեսությունում: Պետք է լայն հանրային իրազեկման արշավ իրականացվի՝ վրացական ներդրումները Հայաստանում խթանելու համար: Այդ արշավը կնպաստի նաև Վրաստան-Հայաստան ուղղությամբ զբոսաշրջությունը զարգացնելու գործին:

Խոսենք նաև խնդիրների եւ մարտահրավերների մասին։ Կա՞ն այդպիսիք, որոնք այս կամ այն չափով խանգարում են երկու երկրների հարաբերությունների ավելի ամրապնդմանն ու զարգացմանը։

Մարտահրավերներ և խնդիրներ միշտ էլ լինում են։ Կարևորը դրանք հաղթահարելու համար ճկունություն և քաղաքական կամք ունենալն է։ Ինչպես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է նշում, Հայաստան-Վրաստան փոխհարաբերությունները պետք է կառուցվեն փոխադարձ վստահության և միմյանց ինքնության փոխադարձ հարգանքի հիման վրա։

Աշխարհաքաղաքական տարբեր կողմնորոշումները, թուրք-ադրբեջանական տանդեմի ներկայությունը Վրաստանում և այլ գործոններ երբեմն ծնում են անվստահություն, որը կարող է վնասել բարիդրացիական հարաբերություններին։ Այդպիսի անվստահության դրսևորումներից են Վրաստանում առկա ՀՀ քաղաքացիների  «սև ցուցակը», եկեղեցիների խնդիրը, «մածունի և մացոնիի» նման սկանդալները և այլն։ Անհրաժեշտ է հաղթահարել անվստահության այդ տարրերը նաև հասարակությունների երկխոսությամբ, որը ցավոք, այսօր բավարար մակարդակի վրա չի դրված։ Այս ուղղությամբ ևս աշխատում ենք և մեծ անելիք ունենք։

Ջավախքի ու ջավախահայության դերը հայ-վրացական հարաբերություններում անքննելի է, ի՞նչ պետք է արվի այդ կարևորությունն առավել ընդգծելու համար:

Այո, Ջավախքի և ջավախահայության դերը հայ-վրացական հարաբերություններում անքննելի է։ Այստեղ երկրորդ տեսակետ չի կարող լինել։

Ջավախքը սոսկ տարածք չէ։ Այն լուրջ աշխարհաքաղաքական գործոն է Վրաստանի և, ինչու չէ, նաև Հայաստանի անվտանգության համար։ Ջավախքցին և ընդհանրապես Վրաստանի հայերը մեծ ներդրում են ունեցել մեր եղբայրական երկրի կայացման և զարգացման գործում։ Եվ, օգտվելով առիթից, հերթական անգամ կոչ եմ հղում իմ սիրելի հայրենակիցներին իրենց բոլոր հնարավորություններով կանգնել վրաց պետականության կողքին։ Ուժեղ և կայուն Վրաստանի գոյությունը անմիջականորեն բխում է Հայաստանի անվտանգային շահերից և երկու ժողովուրդների դարավոր բարեկամության ոգուց։

Բարեբախտաբար անցյալում են մնացել 2000-ական թվականների տխուր իրողությունները Ջավախքում։ Այսօր Վրաստանի կառավարության աջակցությամբ Ջավախքի տեղական իշխանությունները ենթակառուցվածքները բարելավելու ծավալուն աշխատանք են կատարում։ Ցանկալի է, որ Թբիլիսին շարունակաբար ավելացնի Ջավախքի շրջանների բյուջետային ֆինանսավորումը տարածքի և բնակչության թվաքանակին համահունչ, լրացուցիչ հնարավորություններ ստեղծի բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ։ Դրանք կնպաստեն տեղի բնակչության կենսամակարդակի բարձրացմանը և կնվազեցնեն արտագաղթը։

Կարծում եմ վրացական պետության շահերից է բխում տարածաշրջանի ժողովրդագրական կազմի խաթարումը կանխելը։

Խոսենք նաև Հայաստանում բնակվող ջավախքցիների մասին, մասնավորապես ջավախահայ ուսանողության։ Գիտենք, որ «Ջավախք» հայրենակցական միությունը, Ձեր գլխավորությամբ, բավականին մեծ աշխատանք է կատարել համավարակի օրերին ջավախահայ ուսանողների համար, որոնք սահմանը հատելու խնդիր ունեին։

Մեր գործունեությունը բաց և հրապարակային է։ Պարզ է, որ մեզ հուզում են թե՛ բուն Ջավախքի և թե՛ Հայաստանում գտնվող ջավախքցիների խնդիրները։ Մեր գործունեության գլխավոր նպատակը այդ խնդիրների լուծմանն աջակցելն է։

Ջավախքի տեղական իշխանությունների և Վրաստանի խորհրդարանի ջավախքցի պատգամավորների հետ սերտ համագործակցությամբ բազմաթիվ խնդիրների լուծում ենք տալիս։ Համավարակի ընթացքում մենք կարողացել ենք ապահովել ոչ միայն ուսանողների, այլև, սկսած 2021թ. փետրվարից,  բոլոր ջավախքցիների անխափան տեղաշարժը հայ-վրացական սահմանով՝ հնարավորություն տալով մեր հայրենակիցներին գնալ Հայաստան և այնտեղից մեկնել արտագնա աշխատանքի։ Վրաստանի և Հայաստանի կառավարությունների պայմանավորվածության համաձայն՝ 2022թ. մարտին ապահովել ենք Վրաստանի դպրոցների  հայոց լեզվի և գրականության ուսուցիչների որակավորման քննությունների թեստերը։ Իմ միջնորդությամբ 2018թ․-ին Հայաստանի կառավարությունը չեղարկել է վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաների ավելի քան կես միլիարդ դրամի տուգանքները։ Մեր կազմակերպության ուշադրության կենտրոնում են Հայաստանում ջավախքցիների կրթական, մշակութային, առողջապահական, իրավական և այլ բնույթի հարցերին աջակցություն ցուցաբերելը։ Մեր գործունեությունն ավելի դյուրին է դառնում Հայաստանի և Վրաստանի կառավարությունների բարձր մակարդակի հարաբերությունների շնորհիվ։ Այդ հարաբերությունների կարևոր հիմնաքարերից մեկը կա և պետք է լինի Ջավախքը։

Մեր զրույցն ամփոփենք հայ-վրացական հարաբերությունների ապագայի վերաբերյալ Ձեր տեսլականով։

Հայաստանը և Վրաստանը տարածաշրջանում ունեն ընդհանուր շահեր և մարտահրավերներ։ Մենք մեկս մյուսի թիկունքն ու սահմանապահն ենք։ Հետևաբար երկկողմ հարաբերությունները պետք է օրըստօրե զարգացնենք և կատարելագործենք՝ ի հեճուկս տարածաշրջանն ապակայունացնողների։ Հայ-վրացական հարաբերությունների պատմության անցյալի սև բծերը պետք է մեզ համար դաս լինեն՝ այսօրվա և վաղվա քաղաքականությունը ճիշտ կերտելու համար։ Ես հավատում եմ հազարամյակներով կողք կողքի ապրած և բազմաթիվ ընդհանրություններ ունեցող Հարավային Կովկասի երկու եղբայրական բնիկ ժողովուրդների՝ հայերի և վրացիների խոհեմությանն ու իմաստնությանը։ Ես հավատում եմ հայ-վրացական բարեկամության խոստումնալից ապագային։