«Տուն դեպի Եվրոպա»՝ Թբիլիսիում տեղի է ունենում լայնածավալ ակցիա

Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում հազարավոր քաղաքացիներ հավաքվել էին «Տուն դեպի Եվրոպա» ակցիային՝ ի պաշտպանություն եվրաինտեգրման։

Ցուցարարների մեծ թվի պատճառով երթեւեկությունը արգելափակվել է։ Մետրոյի կայարանները նույնպես մարդաշատ են։

Ակցիային միանում են համալսարանի ուսանողներն ու քաղաքացիները, ովքեր կարծում են, որ Վրաստանը չպետք է կորցնի Եվրամիությանն ինտեգրվելու պատմական հնարավորությունը։

Ակցիան կազմակերպել է Shame Movement-ը, որին միացել է նաև Քայլ դեպի Եվրոպա շարժումը, որը համախմբում է հասարակական կազմակերպություններին, լրատվամիջոցներին և հայտնի մարդկանց:

Ըստ կազմակերպիչների՝ հանրահավաքում քաղաքական գործիչները ելույթ չեն ունենա։