Ֆինլանդիան ոչ մի դեպքում չի արտահանձնի իր քաղաքացիներին Թուրքիա. ԱԳ նախարար

Ֆինլանդիան ոչ մի դեպքում չի արտահանձնի իր քաղաքացիներին այլ պետությունների։ Այս մասին Yle հեռուստաալիքի եթերում հայտարարել է երկրի արտգործնախարար Պեկկա Խաավիստոն։

Դիվանագետի խոսքերը հնչել են ի պատասխան այն հարցին, թե արդյոք ֆիննական կողմը Թուրքիային կարտահանձնի՞ Քրդստանի աշխատավորական կուսակցության անդամներին, եթե նրանք Ֆինլանդիայի քաղաքացիներ լինեն։ Ինչպես նշել է Խաավիստոն, Ֆինլանդիայի օրենքը կարող է ահաբեկիչ ճանաչել և արտահանձնել միայն այն մարդկանց, որոնք մեղավոր են ահաբեկչություն նախապատրաստելու կամ կատարելու մեջ։

Միաժամանակ նախարարը հայտնել է, որ Հելսինկին մտադիր է համագործակցել Անկարայի հետ ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում։

Թուրքիան Ֆինլանդիայից պահանջում է արտահանձնել 12 հոգու, սակայն նրանցից ոչ մեկի հարցով դեռ համաձայնություն ձեռք չի բերվել։

Ի տարբերություն Ֆինլանդիայի՝ Շվեդիան երաշխավորել է, որ Անկարային կհանձնի Քրդստանի աշխատավորական կուսակցության 73 անդամի: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը: