Ուկրաինայից հացահատիկի արտահանման ծավալներն օրեցօր ավելանում են. Զելենսկի

Ուկրաինան բանակցություններ է վարում Թուրքիայի և ՄԱԿ-ի հետ ուկրաինական հացահատիկի արտահանման անվտանգության երաշխիքների շուրջ՝ հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնի հետ հանդիպումից հետո։

«Շատ կարևոր է, որ ինչ-որ մեկը երաշխավորի մեր նավահանգիստներ մտնող տարբեր երկրների նավերի անվտանգությունը՝ բացի Ռուսաստանից. մենք նրան չենք վստահում»,- նշել է Ուկրաինայի նախագահը։

Նա ընդգծել է, որ Կիևն աշխատում է անմիջապես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ․ բանակցություններում կառույցը «առաջատար դիրք» է զբաղեցնում։

Զելենսկին հավելել է, որ Ուկրաինայից հացահատիկի արտահանման ծավալներն օրեցօր ավելանում են։ «Այժմ երկրում կա 22 մլն տոննա հացահատիկ, ակնկալում ենք, որ աշնանը կհաջողվի մոտ 60 մլն տոննա էլ հավաքել»,- եզրափակել է երկրի ղեկավարը։