Վերջին ժամանակներում ախալքալաքցիները կատակում էին, որ կարտոֆիլի փոխարեն դոլար են ցանելու, ոչ թե հողի մեջ, այլ համացանցի։ Պատճառը ակտիվ տարածում գտնող Teslavideo media եւ նման կայքերն էին, որոնք իրենցից ներկայացնում են ֆինանսական բուրգ։ Տեսլա վիդեո մեդիան, որը սկսել է գործել մարտի 3֊ից ակտիվ տարածում է գտել հիմնականում Վրաստանում։ Այս կայքում օգտատերերը ներդնում էին որոշակի գումար եւ կայքն առաջրկում էր դիտել տարբեր սոցիալական ցանցերի տեսանյութեր, ըստ այդմ էլ ամեն օր ավելանում էր ներդրած գումարը։ Պարզ մեխանիզմի եւ ավելացած գումարն էլ բավականին շատ լինելու հանգամանքը գրավեց գրեթե ողջ մունիցիպալիտետի բնակչությանը եւ անկախ տարիքից բոլորը սկսեցին տարբեր կայքերում ներդրում անել՝ հուսալով առաջիկա հանգիստն անցկացնել Մալդիվներում կամ առնվազն դառնալ միլիոնատեր։ Մունիցիպալիտետի գյուղերի բնակիչների հոսքը դեպի գրավատներ շատ արագ ակտիվացավ եւ շատերը իրենց ոսկեղենը գրավ դրեցին, որպեսզի համացանցից միլոններ վաստակեն։ Եւ նրանք, ովքեր ոսկեղեն կամ թանկարժեք իրեր չունեին դիմեցին բանկ վարկ ստանալու եւ ստացած գումարով կայքեր ներդրում անելու։ Գյուղաբնակներից որոշներն էլ որոշեցին, որ ապագա միլիոնատերերին պետք չէ անասուն պահել եւ վաճառեցին կովերին՝ հուսալով համ գոմի անասունինների հոգսից ազատվել, համ էլ արագ հարստանալ։ Օդից միլիոններ վաստակելու երազանքն օր օրի իրական էր դառնում, քանի որ շատերը կարողանում էին ներդրած գումարը բազմապատկել, դուրս հանել եւ նորից ներդրում անել։ Ասել, որ բնակչությունը չէր գիտացում, որ մի օր այս ամենը վերջ է ունենալու սխալ կլինի, քանի որ յուրաքանրյուրն էլ կանխատեսում էր, որ մի օր շատ վատ ավարտ է ունենալու այս ազարտային գործարքները։ Անակախ գիտակցությունից ներդրումներն օր օրի ավելանում էին, մինչև որ մի առավոտ նախ teslavideo median, այնուհետեւ մյուս կայքերը սկսեցին գումարը չփոխանցել։ Հույսը, որ շուտով ամեն ինչ նորից շռայլաբար կշարունակվի շատ արագ մարեց, քանի որ պարզ դարձավ, որ փլվեց ֆինանսական բուրգը։
Akhaltskha.net- ը զրուցել է Ախալքալաքի բնակիչների հետ եւ ընթերցողին է ներկայացնում իրական պատմություններ։
Արմենը (անունը փոխված է) այն մարդկանցից է, ով շահող է դուրս եկել։
«Սկզբից որոշեցի բախտս փորձել եւ միանգամից բավականին մեծ գումար դրեցի գործի մեջ 5 օր անց 150%֊ ով իմ գումարն ավելացած կարողացա դուրս հանել։ Ներդրածս փողը պահեցի, իսկ ավելացածով սկսեվի այլ կայքերում եւս հաշիվներ ստեղծել։ Շրջապատում ոչ ոքի խորհուրդ չէի տալիս, համացանցում կարդում էի շատ նյութեր եւ սպասում էի, որ մի օր լրիվ կվերջանա։ Ոգեւորվել էի ու չէի ուզում գումարը դուրս հանել, օր օրի ավելանում էր, գիշերը որոշեցի որ առավոտ 5000 դոլար կհանեմ, բայց այդպես էլ չհասցրի։ Իմն եղավ քամու բերած քամու տարած, գոնե լավ է սկզբնական ներդրածս հանել էի»,֊ պատմում է նա։
Մեր հաջորդ հերոսը՝ Հակոբը, այդպես էլ չի գայթակղվել հեշտ փողեր դիզելու ասեկոսեներին եւ որևէ կայքում ներդրում չի արել։
«Ես ի սկզբանե չհավատացի ուղղակի, առանց ոչինչի փող ստանալու մտքին եւ չվստահեցի։ Չնայած ամեն օր լսում էի զրույցներ, թե ով որքան փող է վաստակել, բայց այդպես էլ ինքս չփորձեցի»,֊ նշում է նա։
Երիտասարդը, ով Ախալքալաքի գյուղերից մեկի բնակիչ է, սկզբից նույնիսկ ընկերներին է խորհուրդ տվել որևէ ներդրում չանել, հետո եղբոր խորհրդով ու ֆինանսական աջակցությամբ խոշոր չափի ներդրում է արել՝ մոտ 10 000 ԱՄՆ դոլար, արդյունքում 6000֊ը կարողացել է ետ ստանալ, իսկ մնացած գումարը ավելացվածի հետ անհույս կորել է։
«Որոշել էի դուրս հանել, սակայն օր օրի ավելանում էր ու գործարք անել չէի ուզում։ Մտածում էի վաղն ավելի շատ կլինի ու այդպես շարունակ։ Հետո այլ գործեր առաջացան ու այդպես էլ չհասցրի գումարը դուրս հանել։ Ընտանիքս հիմա ինձ մեղադրում է, ես էլ եմ մեղադրում, բայց մինչև հիմա չհասկացա, թե ոնց ներքաշվեցի էդ գործի մեջ»։
53 տարեկան կինը ապրում է Ախալքալաքի փոքր գյուղերից մեկում, ամուսինը արտագնա աշխատանքի է մեկնել, ինքն էլ երբ տեղեկացել է համացանցից հարստանալու մասին, որոշել է անակնկալ անել ամուսնուն, վաճառել է կովը, գրավ դրել ոսկեղենը եւ ինչպես ինքն է ասում կլորիկ գումար ներդրել է մի քանի կայքերում, ամուսնուն էլ զանգել ասել է, որ շուտով փող կուղարկի, որ տուն գա։
«Աղջիկներս ամուսնացած են, տղաս դպրոցական ես էլ դպրոցի մանկավարժների հետ որոշեցի 3 երեխայիս անունով գումար դնել։ Ամուսնուս չէի ասել, որ կովն եմ վաճառել, ասել էի, որ շուտով քաղաքի կենտրոն տուն եմ առնելու իրեն էլ փող եմ ուղարկելու տուն գա։ Տղայիս հետ ամեն երեկո գումարներս էինք ավելացնում, բավականին շատացել էր, չէի հանում, որ չծախսվի։ Որ իմացա Տեսլան չի աշխատում, ճնշումս միանգամից ելավ ու արդեն հասկացա, որ կոտրած տաշտակից էլ վատ տաշտակի առաջ եմ կանգնել։ Ամբողջ գումարը կորցրի, դաշտերս անգամ չէի մշակում, մտածում էի՝ ինչի՞ս է պետք, արի ու տես էդ չմշակված բերքի գնով պետք է վարկ փակեմ, թե ինչի պիտի էդքան գումար անտեղի կորցնեի, ինքս ինձ չեմ ներում»,֊ասում է կինը, ով մինչև հիմա վախենում է ամուսնուն հայտնել արած քայլի մասին։
Ախալքալաքցիներից ոմանք դեռ հույս ունեն գոնե ներդրածը ետ վերադարձնել։ Իսկ շատերը վարկերի տոկոսները փակելու ելք են փնտրում, առանց այն էլ բնակչության ոչ այդքան կայուն ֆինանսատնտեսական վիճակը էլ ավելի ծանրացավ։ Կորուստները մեծ են, իսկ աջակցության ակնկալիք ոչ ոք չունի, շատերը ընդունում են, որ գիտակցաբար իրենց ունեցածը տանուլ են տվել։