Շառլ Միշելը շարունակելու է ակտիվորեն մասնակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության կառուցման գործընթացին. Կլաար

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն անձամբ շարունակելու է ակտիվորեն մասնակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության կառուցման գործընթացին։ Ադրբեջանական Trend գործակալության հետ զրույցում նման կարծիք է հայտնել Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:

«Հուսով եմ, որ ապագայում մենք կտեսնենք նոր հանդիպումներ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև, քանի որ այդ ձևաչափը, իրոք, մեծ նշանակություն ունի»,- նշել է պաշտոնյան։

Նրա խոսքով՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին հաջողվել է առաջընթաց արձանագրել մի շարք կարևոր հարցերի ուղղությամբ:

«Ես անձամբ իմ թիմի, ինչպես նաև նախագահ Միշելի գրասենյակի իմ գործընկերների հետ անպայման փոխգործակցելու եմ ինչպես Բաքվի, այնպես էլ Երևանի հետ՝ քննարկելու բոլոր կարևոր հարցերը։ Մենք խոսում ենք խաղաղության համաձայնագրի, հաղորդակցությունների վերաբացման, սահմանային հարցերի մասին։ Կան բազմաթիվ առանցքային խնդիրներ, որոնց լուծման գործում, կարծում եմ, ԵՄ-ն ակտիվ մասնակցություն է ունեցել և կունենա»,- ասել է Կլաարը։