Հայ Առաքելական եկեղեցին այսօր՝ հուլիսի 24-ին, նշում է Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության կամ Այլակերպության տոնը։
Առավոտյան Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում Սուրբ Պատարագ մատուցվեց ձեռամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Նշան վարդապետ Հմայակյանի:
Օրվա ընթացքում Ախալքալաքի փողոցներում մանկական խաղ ու խինդ էր, միմյանց վրա ջուր էին ցողում ու զվարճանում։
Վարդավառի տոնը բնապաշտական ժամանակներից է և հայերի ամենասիրելի տոնն է եղել: Մարդիկ Վարդավառին ուխտ են գնացել սարերը, ուր գետերի, աղբյուրների ակունքներն են: Հենց ջրի ակունքների մոտ էլ Վարդավառի տոնախմբություններն են կատարվել, զոհաբերություն արել, խաղեր ու խրախճանք կազմակերպել:
Վարդավառը ջրի տոն է, և այդ օրը բոլորը խրախճանքից, երգ ու պարից բացի, նաև ջրում են միմյանց: Եկեղեցին սա բացատրում է նրանով, որ երբ Նոյն Արարատից իջել է Նախիջևան, որպեսզի իր ժառանգների մեջ անմահ պահի ջրհեղեղի մասին հիշատակը, կարգադրել է, որ ամեն տարի այս օրը ջրեն միմյանց:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին այս օրը նշում է հինգ տաղավար տոներից մեկը՝ Տիրոջ պայծառակերպության տոնը։ Այն շարժական տոն է և նշվում է Զատկից 98 օր հետո:
Նշենք՝ ինչպես բոլոր տաղավար տոների հաջորդ օրը, Տիրոջ Պայծառակերպության հրաշափառ տոնին հաջորդող երկուշաբթին ննջեցյալների հիշատակության օրն է: Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում վաղը՝ հուլիսի 25֊ին, ժամը 11:00-ին կկատարվի հոգեհանգստյան կարգ: