Ճանապարհների փոսային նորոգումների աշխատանքներ են ընթանում Ախալքալաքի մունիցիպալիտետում

Ախալքալաքում և շրջանի գյուղերում ճանապարհների փոսային նորոգումների աշխատանքներ են իրականացվում։ էլեկտրոնային մրցույթը  արդեն երրորդ անգամն էր հայտարարվել։ Երրորդ անգամ  հայտարարված Մրցույթին մասնակցել է միայն մեկ ընկերություն: «Ջավախ ԱվտոԳզա» ընկերությունը էլեկտրոնային մրցույթը հաղթել է սկզբնական գումարով, որը կազմում է 300 000 լարի։

«Արդեն մի քանի օր է, քաղաքապետարանի պատվերով, կազմել է պայմանագիր քաղաքի փողոցների ասֆալտապատման համար։ Այժմ քաղաքի կենտրոնական ճանապարհն ենք վերանորոգում։ Հաջորդիվ մեզ կտան քաղաքի այն հատվածները որտեղ ևս անհրաժեշտ է փողոցների բարեկարգում։  Աշխատանքները մոտ 2֊3 ամսից փուլ առ փուլ կավարտենք։
Էլեկտրոնային մրցույթը քաղաքապետարանի կողմից 2 անգամ ևս հայտարարված էր եղել սակայն փող քիչ էր տրամադրվում, հիմա բոլորս էլ գիտենք, որ թանկացել է թե՛ դիզվառելիքը, թե՛ այլ անհրաժեշտ նյութեր, բարդացել է ընդհանուր աշխատանքը, այդ  պատճառով մեր ընկերությունը չէր մասնակցում տենդերին։ Հիմա  էլ շատ չէ գումարը աշխատում ենք այնպես, որ գոնե ծախսերը փակենք առանց շահույթ։ Ընդհանուր առմամբ հիմա աշխատնքների մեջ խնդիրներ չունենք միայն հարցը ֆինանսն է։ Սակայն հույս ունենք ամենինչ կկարգավորվի»,֊  ասում է «Ջավախ ԱվտոԳզա» ընկերության տնօրեն Նոդար Ինասարիձեն։

Հիշեցնենք, որ Ախալքալաքի քաղաքապետարանն առաջին էլեկտրոնային մրցույթը հայտարարել էր դեռևս փետրվարի 22-ին, որի ժամկետը լրացել էր մարտի 25-ին, սակայն այն չէր կայացել մասնակիցների բացակայության պատճառով: Քաղաքի փողոցներում փոսային աշխատանքներ կատարելու համար էլեկտրոնային մրցույթը հայտարարվել էր 200 000 լարիի չափով։