Կնքվել է ագրոարդյունաբերության ոլորտում Հայաստանի պարենային անվտանգության ապահովմանը միտված հուշագիր

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ներկայությամբ այսօր ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ԵԱԶԲ խորհրդի նախագահ Նիկոլայ Պոդգուզովը և «Երեմյան ֆարմ» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը ստորագրել են համագործակցության հուշագիր, որի նպատակն է ապահովել Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգությունն ու կայուն տնտեսական զարգացումն ագրոարդյունաբերության ոլորտում։
 
 
Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Կառավարության ֆինանսական աջակցությամբ, որը «ՀՀ անասնաբուծության ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրերի աջակցություն» ծրագրի շրջանակում մասնակիորեն կսուբսիդավորի այս նախագծի ներդրումային ծախսերը։
 
 
«Գյուղատնտեսությունը, իհարկե, մեզ համար առաջնային ուղղություն է և երկրի տնտեսության շարժիչ ուժը։ Հետևաբար՝ մենք բարձր ենք գնահատում մեր գործընկերների հետ նոր համագործակցության հնարավորությունները։
 
 
Պիլոտային ծրագիրը, որը կիրականացվի ՀՀ Կառավարության կողմից Եվրասիական զարգացման բանկի աջակցությամբ, միանշանակ, կդառնա ագրոարդյունաբերական համալիրի զարգացման նոր շրջափուլ, ինչպես նաև կնպաստի մեր երկրի մրցունակության բարձրացմանը։
 
Բացի այդ, ծրագիրը կաջակցի մասնավոր հատվածին, և վստահ եմ, որ կնպաստի արտահանման ներուժին։ Էկոնոմիկայի նախարարության անունից վստահեցնում եմ, որ մենք պատրաստակամ ենք ամեն կերպ աջակցել այս ծրագրի հաջող իրականացմանը»,- ասել է Վահան Քերոբյանը։