Կալյուրանդը կոչ է արել անհապաղ դադարեցնել ուժի կիրառումը Լեռնային Ղարաբաղում

Եվրախորհրդարանի պատգամավոր, Հարավային Կովկասի հետ կապերի պատվիրակության նախագահ Մարինա Կալյուրանդն անդրադարձել է Արցախում Ադրբեջանի զինված ուժերի հարձակմանը և կոչ արել՝ անհապաղ դադարեցնել ուժի կիրառումը:  

«Ես ապշած եմ Լեռնային Ղարաբաղի շփման գծում հրադադարի վերջին լուրջ խախտումներից և, մասնավորապես, օգոստոսի 3-ին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շուրջ և հյուսիսարևմտյան հատվածում սկսած ռազմական գործողությունից։ Ինչպես ընդունել է Ադրբեջանի ՊՆ-ն՝ նրա գործողությունը ներառել է ԱԹՍ-ների հարվածներ, և արդյունքում գրավվել են մի շարք նոր դիրքեր շփման գծից այն կողմ»,- նշել է Կալյուրանդը։

Պատգամավորը բոլոր դերակատարներին հորդորել է ցուցաբերել առավելագույն զսպվածություն։ Նա ընդգծել է, որ բոլոր զորամիավորումները պետք է նահանջեն իրենց դիրքերը՝ 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն։

«Ադրբեջանն ու Հայաստանը պատմական հնարավորություն ունեն վերջ դնելու տասնամյակներ տևած հակամարտությանը և հիմք դնելու տարածաշրջանի խաղաղությանն ու բարգավաճմանը։ Ես կոչ եմ անում բոլոր շահագրգիռ կողմերին խուսափել ցանկացած գործողություններից, որոնք խաթարում են վստահությունը և սպառնում են բանակցություններին այս դժվարին ժամանակներում»,- նշել է Եվրախորհրդարանի պատգամավորը։