Ախալքալաքում դեղին ավտոբուսների գործարկման հեռանկարն անորոշ է

Անցած տարի՝ 2021թ.-ի  աշնանը Ախալքալաքի մունիցիպալիտետին Թբիլիսիի քաղաքապետարանը տրամադրել էր երեք ավտոբուս։ Սեպտեմբերին այն ժամանակվա փոխքաղաքապետը հայտնել էր, որ մի քանի ամսում ավտոբուսները աշխատելու են։ Նույնիսկ մոտավոր ներկայացրել էր, ավտոբուսների երթուղիները։ Այնուհետեւ եղան նոր ընտրություններ, փոխվեց քաղաքապետը, փոխքաղաքապետերը եւ քաղաքապետարանի այլ աշխատակիցներ, մեկ տարվա ընթացքում փոխվեց նաև ավտոբուսների տեղը, սակայն այդպես էլ չաշխատեցին։

Գրեթե մեկ տարի անց հետաքրքրվեցինք, թե կա արդյո՞ք հույս, որ ավտոբուսները վերջապես կծառայեն իրենց նպատակին։

Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը նշում է՝ ինքը միայն տեղյակ է, որ այդ ավտոբուսները գործարկելու համար տեխնիկական խնդիրները շատ են։

Նշենք, որ դեղին ավտոբուսները Թբիլիսիի քաղաքապետարանը տրամադրել էր Ախալքալաքին, քանի որ մայրաքաղաքում այդ ավտոբուսները այլեւս չէին գործարկվելու, իսկ Ախալքալաքի քաղաքապետարանը ցանկություն էր հայտնել ստանալ։

Ավտոբուսները այժմ այն տարածքում են, որը վերանորոգումից հետո տրամադրվելու է Ախալքալաքի սպասարկման կենտրոնին։ Իսկ Ավտոբուսների տեխնիկական գործարկման հույսն այս պահին անորոշ է։