Կրթական նոր հեռանկարներ վրաց — հայկական հարաբերություններում

Օգոստոսի 10-11-ն աշխատանքային այցով  Վրաստան’ում գտնվող  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Վրաստանի կրթության և գիտության նախարարի տեղակալ Նունու Միցկևիչի, նախարարության աշխատակազմի, ինչպես նաև Վրաստանի գիտությունների ազգային ակադեմիայի, Ռուսթավելու անվան Վրաստանի գիտության ազգային հիմնադրամի, մշակույթի, բիզնեսի և տուրիզմի ոլորտի ներկայացուցիչների ու երիտասարդ գիտնականների հետ:

Վրաստանի կրթության և գիտության նախարարության կողմից կազմակերպված այցի ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, STARMUS միջազգային գիտական ​​փառատոնի կազմակերպչական խմբի անդամները` աստղաֆիզիկոս, STARMUS փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրայելյանի գլխավորությամբ վրաց գործընկերներին են ներկայացրել գիտությունն ու մշակույթը կամրջող STARMUSVI միջազգային ​​փառատոնը՝ նպատակ ունենալով ապահովել լայն մասնակցություն հարևան Վրաստանից գիտության հանրայնացմանը միտված այս աննախադեպ փառատոնին։

Վրաստանի ԿԳ փոխնախարար Նունու Միցկևիչը հատկապես կարևորել է վրաց գիտնականների հնարավոր մասնակցությունը փառատոնին և նշել, որ նմանօրինակ միջոցառումները կարևոր են երիտասարդ գիտնականների առաջխաղացման համար։

Հավելենք, որ փառատոնի ծրագրում նախատեսվում են համագումարների ու գիտաժողովների շարք, բազմաբնույթ մշակութային միջոցառումներ, որոնց միջոցով գիտությունը, արվեստն ու երաժշտությունը յուրովի կներկայացվեն հանրությանը: Միջոցառումներին կմասնակցեն տասնյակ աշխարհահռչակ գիտնականներ, ինժեներներ և տիեզերագնացներ, այդ թվում՝ Նոբելյան մրցանակակիրներ, համաշխարհային երաժշտության աստղեր, թե՛ գիտության և արվեստի ներկայացուցիչների, թե՛ լայն հանրության ընդգրկմամբ:

STARMUS փառատոնի տեսլականն է ստեղծել երիտասարդ սերնդի համար նոր ձևաչափեր և հնարավորություններ, ոգեշնչել նոր հմտություններ ձեռք բերելու ցանկությամբ, բարձրացնել գիտելիքի տարածման և ուսումնառության մակարդակը՝ այն հասանելի դարձնելով բոլորի համար: Փառատոնի կազմակերպումը կստեղծի նաև համագործակցության նոր հնարավորություններ արվեստի և գիտության բնագավառներում:

Հիշեցնենք, որ Մարսի վրա առաջին վայրէջքի 50-ամյակին նվիրված «STARMUS FESTIVAL VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնը Հայաստանում կանցկացվի սեպտեմբերի 5-10-ը: