Մեկնարկել է Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհի հայկական հատվածի շինարարությունը

Մեկնարկել է Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհի հայկական հատվածի շինարարությունը: Ճանապարհաշինարարական ընկերությունները 6-րդ օրն է` կատարում են հողային աշխատանքներ: Ներքևում կամուրջն է, որտեղից կմիանա ճանապարհը, իսկ մինչև այդ՝ օգոստոսի 25-ից հետո, Արցախի և Հայաստանի ցամաքային կապը կապահովվի այդ հատվածով՝ խճապատ ճանապարհով:

Աղավնո գետի նորակառույց կամրջից այս կողմ՝ դեպի Կոռնիձոր, աշխատում է հայկական 3 ընկերություն: Աշխատանքների հիմնական մասը կատարվում է համայնքի վարչական տարածքում: Ճանապարհաշինարարները խնդիր ունեն 8 ոլորանով միանալ կամրջին:

Գոռ Ավետիսյան (ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն— Ընդհանուր երկարությունը 11,8 կիլոմետր է՝ շուրջ 11,750: Առաջին տեղամասի երկարությունը 5 կիլոմետր է, երկրորդինը՝ 4, երրորդ տեղամասի երկարությունը 2,8 կիլոմետր:

Այս փուլում աշխատանքները հիմնականում հողային են, ասում են տեղամասերի պատասխանատուները: Նախատեսում են մինչև 2023-ի գարնան սկիզբ ավարտել բոլոր տեսակի, այդ թվում` բետոնային աշխատանքները:

Արմեն Խաչատրյան ապալառու ընկերության տեղամասի պատասխանատու— Բուսական շերտն ենք հեռացնում, աստիճաններն ենք կառուցում այս հատվածում, նախապատրաստում ենք հատվածը լիցքի: Գրունտներն ուղարկել ենք լաբորատորիա, դրական պատասխան ստանալուց հետո լիցք կկատարենք:

Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհը սկսվում է Ստեփանակերտ — Բերձոր մայրուղու 36-րդ կիլոմետրից՝ Բերդաձորի ենթաշրջանի Մեծ շենի խաչմերուկից: Նոր ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածը կառուցել է ադրբեջանական կողմը:

Նոր երթուղով այսօր երթևեկել և աշխատանքների ընթացքին ծանոթացել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:

Գոռ Ավետիսյան -Պայմանագրում նախատեսում ենք` 240 օրում ավարտենք, որը նախատեսված է մյուս տարվա գարնանը:

Մինչև Կոռնիձոր-Տեղ հատվածի շինարարության ավարտը, Արցախի և Հայաստանի ճանապարհային կապը կգործի Աղավնոն շրջանցող 4,5 կիլոմետրանոց խճապատ ճանապարհով, որն այս օրերին վերակառուցում է Արցախի շինարարական ընկերություններից մեկը: