Թայվանի նկատմամբ Պեկինի քայլերը տարածաշրջանում Չինաստանի ակտիվացման նախնական փուլն են. պետքարտուղարություն

ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը հայտարարել է, որ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Պեկինի գործողությունները խաթարում են Թայվանի շուրջ ստատուս քվոն:

«Այդ գործողությունները մեծ ռիսկեր են պարունակում՝ խաթարելով Թայվանի նեղուցում ստատուս քվոն, խաղաղության և կայունության հիմքերը»,- նշել է Փրայսը:

Նրա խոսքով՝ Չինաստանի իշխանությունների այս քայլերը տարածաշրջանում Պեկինի գործողությունների ակտիվացման միայն նախնական փուլն են։

Նման կարծիք է հայտնել նաև ԱՄՆ պետքարտուղարի Արևելյան Ասիայի և Խաղաղ օվկիանոսի հարցերով օգնական Դենիել Քրեթենբրինկը: Reuters-ի փոխանցմամբ՝ նա նշել է, որ Չինաստանի իշխանություններն առաջիկա շաբաթներին և ամիսներին կշարունակեն ճնշում գործադրել Թայվանի վարչակազմի վրա՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ կղզի կատարած այցի պատճառով:

«Այդ արշավի նպատակը պարզ է. Թայվանին ահաբեկել և ուժով իրեն ենթարկել, խարխլել նրա դիմադրողականությունը»,- ասել է պաշտոնյան: